Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ընդդիմությունը գոհ է


Ադրբեջան –– Ոստիկանությունը ցրում է չարտոնված բողոքի ցույցը Բաքվում, 2–ը ապրիլի, 2011թ.
Ադրբեջան –– Ոստիկանությունը ցրում է չարտոնված բողոքի ցույցը Բաքվում, 2–ը ապրիլի, 2011թ.
Իլհամ Ալիեւի հրաժարականի պահանջով շաբաթ օրը փողոց դուրս եկած ադրբեջանցի ընդդիմադիրների համոզմամբ, Բաքվի կենտրոնում շաբաթ օրն անցկացված բողոքի ակցիան ամենազանգվածային ու տպավորիչն էր 2005 թվականից ի վեր:

Ընդդիմության կողմնակիցները չարտոնված հանրահավաքի վայրին՝ Շատրվանների հրապարակին, մոտեցան մի քանի խմբի բաժանված եւ տարբեր կողմերից։ Մի քանի րոպե հակակառավարական կարգախոսներ վանկարկելուց հետո ցուցարարները արագ քայլով, իսկ երբեմն նաեւ վազքով, տեղափոխվում էին հարեւան մեկ այլ փողոց, կրկին վանկարկում եւ նորից փոխում դիրքը:

«Այս խորամանկ մարտավարությունը ոստիկանների համար անակնկալ էր։ Մահակներով, պլաստիկ վահաններով եւ փեյնթբոլի հրացաններով զինված ոստիկաններն ակնհայտորեն դժվարանում էին ցուցարարների հետեւից հասնել», – նշել է ընդդիմության ակցիան լուսաբանող ադրբեջանցի լրագրողներից մեկը:

Քաղաքի կենտրոնում նաեւ սադրիչների խմբեր էին գործում, որոնք կոտրում էին խանութների եւ բանկերի ցուցափեղկերը։ Ոստիկանությանը, սակայն, այդպես էլ չհաջողվեց նրանցից որեւէ մեկին բերման ենթարկել:

Բողոքի ակցիայի մեկնարկից միայն մեկ ժամ անց ոստիկանությունը կարողացավ իրավիճակը վերահսկողության տակ առնել` աստիճանաբար դուրս մղելով ընդդիմադիրներին Բաքվի կենտրոնական փողոցներից:

Ի տարբերություն ադրբեջանական ընդդիմության մարտի 12-ին կազմակերպած ցույցի, շաբաթ օրը ոստիկաններն անհամեմատ ավելի կոշտ էին գործում։ Գրեթե բոլոր ձերբակալվածները բռնության ենթարկվեցին, մի մասի նկատմամբ արցունքաբեր գազ կիրառվեց:

Ընդհանուր առմամբ, ձերբակալված ընդդիմադիրների թիվը հասավ 200-ի: Չնայած դրան՝ ընդդիմության առաջնորդներն ակնհայտորեն գոհ էին։

«Հաշվի առնելով այն իրողությունը, որ բազմաթիվ պատահական անցորդներ միացան բողոքի ակցիային, սկսեցին կարգախոսներ վանկարկել` կարելի է ասել, որ իրականացան մեր կանխատեսումները եւ ապրիլի 2-ի ցույցը ընդդիմության բողոքի ակցիայից վերածվեց համաժողովրդական ցույցի», – նշում է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը։

«Ես չեմ հիշում նման կազմակերպված եւ կառավարության համար ցնցող մեկ այլ բողոքի ակցիա: Կառավարությունը կանխարգելիչ քայլերի էր դիմել` մայրաքաղաք տանող ճանապարհները փակ էին, մի շարք ակտիվիստներ ձերբակալվել էին մինչեւ ցույցի մեկնարկը: Ոստիկանությունը դաժանաբար էր գործում՝ կիրառելով մահակներ, էլեկտրոշոկերներ եւ արցունքաբեր գազ։ Չնայած դրան՝ ժողովուրդը կարողացավ իր բողոքն արտահայտել», – ասել է «Ժողովրդական ճակատի» ղեկավար Ալի Քերիմլին։

Ադրբեջանի դատախազությունն ու ոստիկանությունը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում տեղեկացնում են, որ «չարտոնված ցույցի 70 մասնակիցներ ենթարկվել են վարչական տույժի, եւս 5 հոգու նկատմամբ քրեական գործ է հարուցվել` հասարակական կարգը խախտելու մեղադրանքով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG