Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Կարծես թե Բաքվում արդեն սկսում է բանականությունը հաղթել»


«Մենք արձանագրում ենք այն հանգամանքը, որ կարծես թե Բաքվում արդեն սկսում է բանականությունը հաղթել, այլ ոչ թե գործում են զգացմունքային, տղայական մոտեցումները, որոնք հեռանկար չունեն», - ասել է Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը` պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի սպասվող վերագործարկմանը ադրբեջանական կողմի արձագանքների փոքր-ինչ մեղմացման վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության հարցին:

Ընդգծելով, որ «զգացմունքային, տղայական» մոտեցումները «հեռանկար չունեն ոչ միայն այս հարցում», Քոչարյանը հավելել է. - «Միեւնույն է թռիչքները լինելու են»:

Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը երեկ հայտարարել է, թե «Ադրբեջանը քաղաքացիական օբյեկտների դեմ ուժ չի կիրառել եւ չի կիրառի»` փաստորեն հերքելով Բաքվից ավելի վաղ հնչած հայտարարությունները, թե «կհարվածեն բոլոր այն օդանավերին, որոնք կփորձեն թռիչք կատարել Ստեփանակերտ»:

Ադրբեջանի սպառնալիքները հինգշաբթի օրը քննադատել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` հավելելով, թե Երեւան - Ստեփանակերտ չվերթի առաջին ուղեւորը ինքն է լինելու:

Ստեփանակերտի օդանավակայանը նախատեսվում է գործարկել այս տարվա մայիսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG