Մատչելիության հղումներ

Լրատվամիջոցները ակցիաներ են սկսում ի պաշտպանություն Փաշինյանի


Արխիվ -- Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս դատարանում, 04-ը մարտի, 2010թ.
Արխիվ -- Նիկոլ Փաշինյանը ցուցմունք է տալիս դատարանում, 04-ը մարտի, 2010թ.
Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ երկուշաբթի օրվանից շարունակական ակցիաներ են սկսում ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի` նպատակ ունենալով հասարակության, ինչպես նաեւ իշխանությունների ուշադրությունը սեւեռել Փաշինյանին անհապաղ ազատ արձակելու պահանջի վրա:

Հինգշաբթի օրը նրանք փակ հավաք են անցկացրել եւ որոշել են Փաշինյանի ազատ արձակման պահանջով իրենց քայլերը:

Թեեւ խմբագիրները պայմանավորվել են չհրապարակել միջոցառումների ամբողջական ցանկը, «Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում որոշ փակագծեր բացեց:

«Երեկվա դրությամբ թվով 6 ակցիաներ ընդունվեցին բոլորի կողմից: Դրանք պետք է սկսվեն հաջորդ շաբաթվանից, ունենան շարունակական բնույթ եւ կտեւեն 1 ամսից ավելի», - մասնավորապես ասաց Աննա Հակոբյանը` հավելելով, որ ակցիաների թվում լինելու են ակտիվ գործողություններ, օրինակ` երթ, ինչպես նաեւ նամակներ ուղղված հայաստանյան եւ արտերկրյա կառույցների:

Երեկվա հավաքին, ըստ «Հայկական ժամանակ»-ի հրատարակչի, մասնակցել են «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը, «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, Lragir.am ինտերնետային կայքի ղեկավար Հայկազն Ղահրիյանը: Միջոցառումներին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը եւ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը:

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ակցիայի նպատակը, ամեն ինչից զատ, նաեւ ցույց տալն է, որ լրագրողական հանրությունը Նիկոլին մենակ չի թողնում:

«Լրատվամիջոցների խմբագիրներ, լրագրողներ, որոնք անընդհատ պահանջում են Նիկոլի ազատ արձակումը այս հասարակության հարգված անդամներն են, կարելի է նաեւ նրանց խոսքին անսալ», - նշեց «Հրապարակ» թերթի խմբագիրը` կարծիք հայտնելով, որ դա լավագույն առիթը կարող է լինել, որպեսզի իշխանությունը բարի կամք ցուցաբերի եւ լիցքաթափի ընդհանուր լարվածությունը:

Ընդդիմադիր գործիչ, խմբագիր Նիկոլ Փաշինյանը 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ անազատության մեջ է 2009 թվականի հուլիսից: 2010 թվականի հունվարին նա դատապարտվեց 7 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանի որոշմամբ համաներում կիրառվեց եւ պատժաչափի չկրած մասը կիսով չափ կրճատվեց. այսպիսով, Փաշինյանը պետք է ազատ արձակվի 2013 թվականի գարնան վերջին: Մինչդեռ ե'ւ ընդդիմությունը, ե'ւ գործընկերները շարունակում են հանդես գալ նրա անհապաղ ազատ արձակման պահանջով:

Երկու ամսից լրանում է Փաշինյանի ազատազրկման ժամկետի կեսը: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հանձնաժողովը կարող է քննարկել նրան պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու հարցը` սկսելով Փաշինյանին վաղաժամկետ ազատելու գործընթացը:
XS
SM
MD
LG