Մատչելիության հղումներ

Կոմիտասագետը վերծանել է Կոմիտասի խազագրությունները


Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդես, արխիվ
Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդես, արխիվ
«Նարեկացի» արվեստի միությունը եւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը շուտով կթողարկեն Կոմիտասի` 12 շարականների մշակումներից բաղկացած ձայնասկավառակ:

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, մոտ քսան տարի ուսումնասիրելով Կոմիտասի ձեռագրերը, գտել է խազերի վերծանության բանալին: Շնորհիվ այս վերծանությունների շատ երգեր են մշակվել, եւ բոլորովին վերջերս էլ Կոմիտասի 12 շարականների մշակումները արդեն Սաղմոսավանքում կատարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը`Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Այդ ձայնագրությունները ձայնասկավառակի, հայերեն եւ անգլերեն փոքրիկ գրքույկի միջոցով շուտով կներկայացվեն հանրությանը:

Դեռ 1000 տարի առաջ հայերը խազերով նոտագրում էին հայկական հոգեւոր եւ ժողովրդական երգն ու երաժշտությունը, սակայն դրանց գործածության բանալին կորավ 1600-ականների վերջերին: Շահնազարյանի խոսքով` 400 տարի հայ հոգեւոր երաժշտությունը ժողովրդական երաժշտության նման միայն բանավոր է փոխանցվել սերնդե սերունդ: Կոմիտասը, 20 տարի զբաղվելով 100-ից ավել խազերի վերծանությամբ, ի վերջո գտել է դրանց բանալին:

«Նա 1900 թվականին գրեց, որ գտել է խազերի բանալին եւ պարզ դարձվածքները: 75 տարի` Խորհրդային Միության օրոք եւ նույնիսկ հետո էլ մինչեւ 2000 թվականը, համարում էին, որ կորած էին Կոմիտասի այդ աշխատությունները: Բայց կորած չէր, դրանք գտնվում էին Դիվանում [արխիվում]», - ասաց Արթուր Շահնազարյանը:

«Նարեկացի» արվեստի միության ղեկավար Նարեկ Հարությունյանի խոսքով` իրենք մեծ ջանքեր է գործադրում հանրությանը Կոմիտասի ժառանգությունը ներկայացնելու համար:

«Եթե Կոմիտասը մեր երաժշտական փրկիչն է, ինչո՞ւ, օրինակ, չունենք Կոմիտասի տուն-թանգարան: Ինչքանո՞վ են իր երգերը հնչում հայ տներում, ինչքանո՞վ ենք գուրգուրանքով, հարգանքով մոտենում այդ ամենին ու ինչպե՞ս ենք մատուցում», - հարցնում էր Նարեկ Հարությունյանը:

Շահնազարյանի խոսքով` ներկայիս «ժողովրդին պարտադրված» երաժշտության դեմ պայքարելու համար իրենք Կոմիտասի 5 պարզ երգերից բաղկացած ձայնասկավառակ են թողարկելու եւ անվճար բաժանելու են բոլորին: Նրա խոսքով` որպես դեղամիջոց հանդիսացող այդ ձայնասկավառակը հնարավոր կլինի ձեռք բերել դեղատներից:

«Անունը դրել ենք «Անտիվիրուս»` բոլոր տեսակի վիրուսների դեմ: Կոմիտասը ասում էր, որ «մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի», այսինքն մեկ երգով կարող եք տալ ժողովրդին այն ամենը, ինչ ուզում եք քարոզել», - ասաց Շահնազարյանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG