Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստվում է վերափոխել քաղաքականությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ


Չեխիա - Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7-ը մայիսի, 2009թ.
Չեխիա - Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի մասնակիցները, Պրահա, 7-ը մայիսի, 2009թ.
Եվրամիությունը պատրաստվում է լուրջ վերափոխության ենթարկել քաղաքականությունը նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ եւ այժմ արդեն առավել խիստ պահանջներ սահմանել` տրամադրվող օգնության դիմաց։ Այդ մասին, մասնավորապես, նախօրեին հայտարարել է Եվրամիության` ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, ում խոսքով, պաշտոնական Բրյուսելը պատրաստվում է մայիսին արդեն շրջանառության մեջ դնել Եվրոպական հարեւանության ծրագրի վերանայված տարբերակը:

«Այս` վերանայման գործընթացի արդյունքում, մենք կշարունակենք միեւնույն քաղաքականությունը բանեցնել թե' հարավային, թե' արեւելյան հարեւանների նկատմամբ, սակայն կմեծանան տարբերակումները ոչ միայն Հարավի եւ Արեւելքի միջեւ, այլեւ` այդ տարածաշրջանների ներսում, նվազագույնի կհասցվեն ընդհանրացված մոտեցումները, եւ առանձին ծրագիր կառաջարկվի մեր յուրաքանչյուր գործընկերոջը», - ասել է Ֆյուլեն:

Եվրոպացի բարձաստիճան պաշտոնյայի խոսքով, վերանայված քաղաքականության իրագործմանը լայնորեն մասնակցելու են Եվրամիության նոր դիվանագիտական կորպուսներն ու վերջերս ձեւավորված Արտաքին գործողությունների ծառայությունը. ակնկալվում է, որ թիրախային որոշ երկրներում Եվրամիության դեսպանատները ամրապնդվելու են։

«Հակիրճ ասած` կիրառվելու է որքան շատ բարեփոխումներ, այնքան շատ առավելություններ սկզբունքը», - ասում է Լեհաստանի արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին, ում երկիրը հուլիսին վեց ամսով ստանձնելու է Եվրամիության նախագահությունը։ - «Եվրոպական հարեւանության` այս վերանայված քաղաքականությունը պետք է քաջալերի այն երկրներին, որոնք իրական առաջընթաց են արձանագրում։ Մենք ուզում ենք ավելին տալ նրանց, ովքեր ավելին են անում այդ ուղղությամբ։ Ըստ այդմ, որքան արագ են բարեփոխումները, որքան բաց է երկիրը` եվրոպական գործընթացների նկատմամբ, այնքան արագ պետք է լինեն Եվրամիության արձագանքները»։

Շարունակելով տրամաբանությունը` եվրոպացի դիվանագետները փաստում են. որքան դանդաղ կիրագործվեն հարեւանության ծրագրի անդամ երկրների բարեփոխումները, այնքան քիչ կարող են ակնկալել այդ երկրների ղեկավարները պաշտոնական Բրյուսելից։

Եվրամիությունը արդեն իսկ որոշակի պատժամիջոցներ է կիրառում բարեփոխումների ուղուց շեղված Բելառուսի նկատմամբ, դիվանագետները չեն բացառում, որ առաջիկայում այս պատժամիջոցները կարող են խստացվել։

Սլովակիայի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարում է, թե պատրաստվում է ապրիլին նոր` տնտեսական պատժամիջոցներ ներկայացնել, եթե պաշտոնական Մինսկը մինչ այդ չդադարեցնի բռնությունները ընդդիմության նկատմամբ։

«Ես հենց սկզբից այն տեսակետին էի, որ միայն ուժգին եւ խիստ տնտեսական պատժամիջոցները կարող են օգնել, հատկապես` քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածների ազատ արձակմանը», - ասել է Սլովակիայի արտգործնախարար Միկուլաշ Ձուրինդան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG