Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ներքաղաքական վերադասավորումներ է ակնկալում


«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյան
Կուսակցությունում կարծում են, որ առաջիկայում Հայ ազգային կոնգրեսից (ՀԱԿ) որոշակի քաղաքական ուժեր ու գործիչներ կհամագործակցեն «Ժառանգության» հետ` նպաստելով նոր ներքաղաքական իրավիճակի ձեւավորմանը:

«Ժառանգություն» կուսակցության անդամներն այսօր Գյումրիում ու Վանաձորում հանդիպումներ են անցկացրել լրագրողների հետ` նպատակ ունենալով մարզերում տեղեկատվություն տարածել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` արդեն 14 օր շարունակվող հացադուլի մասին:

Կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Վանաձորում հայտարարեց, թե մարտի 17-ը ցույց է տվել, որ մինչ «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսին համարել է դաշնակից, ՀԱԿ-ը` իրենց «դիտում է որպես մրցակից», ինչը, նրա խոսքով, խանգարում է ընդդիմության միավորմանը:

Հակոբյանը պարզաբանեց. - «Կան այնտեղ մարդիկ, կուսակցության ղեկավարներ, որոնք համագործակցության ցանկություն ունեն: Բայց վերջում այն ելույթները, որոնք հնչում են պարոն Տեր-Պետրոսյանից, հակասում են այդ ցանկություններին»:

«Ժառանգության» փոխնախագահը հրաժարվեց կոնկրետ անուններ նշել` ասելով, թե չի ուզում «կռիվ գցել» ՀԱԿ-ի ներսում:

Ռուբեն Հակոբյանը նաեւ նշեց, թե իրենք պատրաստ են համագործակցել ՀԱԿ-ի հետ «հանուն երկրի բարօրության», բայց ոչ թե միանալ Տեր-Պետրոսյանի գլխավորած շարժմանը, այլ որպես գործընկերներ` հավասարը հավասարի հետ որոշումներ կայացնել:

«Մենք միտված ենք մեր քաղաքականությունը ուղղորդել, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի, եւ, իհարկե, կարեւոր գործոններից մեկն է ՀԱԿ-ը: Նաեւ մտածում ենք, որ, ի վերջո, եթե անձեր կան, որ չեն ցանկանում, չի նշանակում, որ ընդդիմադիր այդ ներուժը այդ անձի սեփականությունն է, եւ համագործակցության եզրեր չենք տեսնում», - պարզաբանեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը` «դինամիկ» զարգացումներ խոստանալով Հայաստանի ներքաղաքական կյանքում:

«Հացադուլը PR ակցիա չէ»


Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին, հայտարարեց, որ այն ոչ թե PR ակցիա է` սեփական իմիջի գովազդում, այլ ահազանգ` երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մարտիրոսյանը հայտարարեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելու է հացադուլը այնքան ժամանակ, որքան թույլ կտա նրա առողջությունը:

«Ե՛վ իշխանությունները, ե՛ւ որոշակի ընդդիմադիր շրջանակներ, փորձեցին Րաֆֆի Հովհաննիսյանի այս մաքուր քաղաքական ակցիան վերագրել այլ գործընթացների` մի մասը PR, կրոնական ինչ-որ հարցերը, որը բացարձակապես տեղին չէր», - ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG