Ալբանիայում հակակառավարական ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների․ 48 մարդ է տուժել

ALBANIA-PROTESTS/
ALBANIA-PROTESTS/

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Նոյեմբերի 28-ին՝ երկրի Անկախության օրը, անցկացված ցույցերը վերածվել են ոստիկանների հետ բախումների, հաղորդում է Associated Press-ը։

Ցուցարարների մի մասը քարեր, հրավառ նյութեր և Մոլոտովի կոկտեյլներ է նետել ոստիկանների ուղղությամբ, վնասել պետական շենքեր։ Իրավապահներն արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառել։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բուժօգնության կարիք է ունեցել 48 մարդ, այդ թվում՝ ցուցարարներ, ոստիկաններ և լրագրողներ։

Բողոքի շարժումը սկսվել էր ամռանը՝ Ալբանիայի հարավում շքեղ հանգստավայր կառուցելու ծրագրի դեմ։ Նախագիծը կապվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հիմնադրած ներդրումային ընկերության հետ։

Հետագայում բողոքի ցույցերին միացել են ուսանողները՝ դժգոհելով կրթության բարձր վճարներից, կենսապայմաններից և ցածր աշխատավարձերից։ Այժմ ցուցարարների հիմնական պահանջը 2013 թվականից Ալբանիան ղեկավարող Էդի Ռամայի հրաժարականն է։

Վարչապետը հրաժարվում է հեռանալ պաշտոնից՝ պնդելով, որ բողոքի ցույցերը հրահրվում են արտերկրից։ Ցուցարարները մտադիր են շարունակել ակցիաները։

​
XS
SM
MD
LG