«Գազպրոմը» ևս երեք տարով երկարաձգել է Թուրքիային գազ մատակարարելու պայմանագիրը

Ռուսական «Գազպրոմը» և թուրքական BOTAŞ ընկերությունը երեք տարով երկարաձգել են ռուսական գազի մատակարարման պայմանագիրը՝ պահպանելով նախկին պայմաններն ու ծավալները։

Այս մասին Ստամբուլում ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է Deutsche Welle-ն։

Նովակի փոխանցմամբ՝ ռուսական «Նովատեկ» ընկերությունը ևս պայմանագիր է կնքել՝ 2027 թվականի հունվարի 1-ից Թուրքիային հեղուկացված բնական գազ մատակարարելու վերաբերյալ։ Սկզբնական ծավալները փոքր կլինեն, սակայն նախատեսվում է հետագայում դրանք ավելացնել։

Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է նաև, որ Թուրքիայում ռուսական «Ռոսատոմի» կառուցած «Աքքույու» ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործման մեկնարկը նախատեսվում է դեկտեմբերին։

Մինչ Թուրքիան շարունակում է էներգետիկ համագործակցությունը Ռուսաստանի հետ, Եվրամիությունը նախատեսում է մինչև 2027 թվականի նոյեմբերի 1-ը ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազի ներմուծումից։

​
XS
SM
MD
LG