Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննադատել է նոր Սահմանադրության նախագիծը՝ պնդելով, որ այն ոչ միայն բավարարում է Ադրբեջանի պահանջները, այլև նպատակ ունի սահմանադրական մակարդակով ամրապնդել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։
«Փաշինյանը խաղաղություն հաստատելու կեղծ քողի տակ հանրությանն է հրամցնում իր ավտորիտար կառավարումն արդեն սահմանադրական մակարդակով ամրապնդող մի տեքստ, որը պարզապես հավերժացնելու է նրա միապետական իշխանությունը», - հայտարարել է Քոչարյանը։
Նախկին նախագահի գնահատմամբ՝ նախագծում արտացոլված են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները՝ կապված Անկախության հռչակագրի, պետական խորհրդանիշների և Հայոց ցեղասպանության ճանաչման հարցերի հետ։
«Սա ոչ թե քայլ է դեպի եվրոպական ուղի, այլ մեծ ցատկ է դեպի սուլթանատ», - նշել է նա։
Քոչարյանը պնդել է, որ նոր Սահմանադրության ընդունումը կվնասի Հայաստանի ինքնիշխանությանն ու ժողովրդավարական զարգացմանը։
Իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է և պայմանավորված չէ Ադրբեջանի պահանջներով։