Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման և Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հեռանկարները։
Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կառավարության անդամներ, ինչպես նաև միջուկային էներգետիկայի մասնագետներ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Չեխիայից և Ֆինլանդիայից։
Մինչ նիստը Փաշինյանն ու Խուդաթյանը հանդիպել են խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարի հետ։ Քննարկվել են գործող ատոմակայանի անվտանգ շահագործման, ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման հնարավորությունները։
Կառավարության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում ներկայացվել են տարբեր առաջարկություններ՝ հաշվի առնելով, որ Հայաստանը շարունակում է ուսումնասիրել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման տարբերակները։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարությունը վերանայում է փոքր մոդուլային ատոմակայան կառուցելու իր նախկին դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի պայմաններում փոքր մոդուլային ռեակտորի հզորությունը, ամենայն հավանականությամբ, բավարար չի լինի։
Փաշինյանը չէր բացառել, որ ամենատրամաբանական տարբերակը կարող է լինել 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանի կառուցումը։ Նման առաջարկ հայկական կողմին ներկայացրել էր նաև «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։