Ռուսաստանի հարվածներից Ուկրաինայում զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինայի Չեռնիգովի մարզի Նեժին քաղաքում արդյունաբերական ձեռնարկության վրա ռուսական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս յոթը՝ վիրավորվել, հաղորդում է «Настоящее время»-ն։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փոխանցմամբ՝ նոյեմբերի 27-ին հարվածի ենթարկված ձեռնարկությունում փրկարարական աշխատանքներն ավարտվել են։ Փլատակներից մեկ մարդու հաջողվել է ողջ դուրս բերել։

Նոյեմբերի 28-ի գիշերը ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 162 անօդաչու, որոնցից 141-ը, ըստ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի, խոցվել են։ Հարվածներ են գրանցվել 13 վայրում, ևս յոթում ընկել են խոցված անօդաչուների բեկորներ։

Կրեմենչուգի կենտրոնում անօդաչուի հարվածից չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երեք անչափահաս։ Վնասվել են երկու ուսումնական հաստատություններ։ Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում մեկ կին է տուժել։

Դոնեցկի մարզում վերջին մեկ օրում չորս մարդ է զոհվել, ութը՝ վիրավորվել։ Դնեպրոպետրովսկի մարզում տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։

Զապորոժիեի մարզում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ մեկ օրում մարզի ուղղությամբ 699 հարված է հասցվել։

​
XS
SM
MD
LG