Խորխոռունու սպանության գործով մեղադրանք է առաջադրվել նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով պաշտոնեական անփութության մեղադրանք է առաջադրվել Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին, հայտնում է Քննչական կոմիտեն։

Ըստ իրավապահների՝ Նազարյանը պատշաճ չի իրականացրել սպանության գործի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողությունը, ինչի հետևանքով 2000 թվականին քննիչը դադարեցրել է Սասուն Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ չնայած նրա առնչությունը սպանությանը հաստատող մի շարք ապացույցների առկայությանը։

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ պատշաճ հսկողության բացակայության պատճառով սպանությանը մասնակցելու մեջ կասկածվող ևս մեկ անձի նկատմամբ ժամանակին քրեական հետապնդում չի հարուցվել։ Արդյունքում նա շուրջ 25 տարի քրեական պատասխանատվության չի ենթարկվել։ Միայն 2025 թվականի հուլիսին նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, հայտարարվել է հետախուզում։

Նախկին գլխավոր դատախազին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական անփութության հոդվածով։ Նախաքննությունը շարունակվում է։

Վահրամ Խորխոռունին սպանվել էր 1998 թվականի դեկտեմբերի 10-ին՝ Երևանում, իր տան շքամուտքի մոտ։ Սպանությունից 27 տարի անց՝ 2025 թվականի հուլիսին, գործի քննությունը Քննչական կոմիտեն ավարտել և ուղարկել է դատարան, ու չնայած սպանությունը բացահայտելու պնդումներին, առայսօր անհայտ է, թե ովքեր են պատվիրատուները:

Սպանության մեջ մեղադրվող Սասուն Առուշանյանին մեղքը չի ընդունում։ Առուշանյանը դեռ 1999 թվականին էր ձերբակալվել նույն գործով, սակայն 2000 թվականի մարտին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

​
XS
SM
MD
LG