Բանտարկյալ Արթուր Մելիքյանը դիտորդներին պատմել է, որ իր նկատմամբ ճնշումների մասին բարձրաձայնելուց հետո իրավիճակն ավելի է վատացել։
«Կրկին այսօր ստացել ենք շարունակական ճնշումների վերաբերյալ տեղեկատվություն և պատրաստվում ենք հրատապ հաշվետվություն՝ Արդարադատության նախարարությանն ուղղված»,- «Ազատությանը» պատմել է բանտերում հասարակական դիտորդ Շուշան Խնկոյանը։
Բանտերում դիտորդություն իրականացնող խմբի անդամներն օրերս են «Արմավիրի» բանտում զրուցել մի քանի կալանավորի ու դատապարտյալի, այդ թվում՝ Մելիքյանի հետ։
«Իրենք հետադարձ կապի միջոցով տեղեկացրել են, որ ճնշումները շարունակվում են։ Մեզ փոխանցվել են տեղեկություններ նաև ֆիզիկական բռնության վերաբերյալ, որ Արթուր Մելիքյանի խցակիցներից մեկի նկատմամբ գործադրվել է նաև ֆիզիկական բռնություն նշված պաշտոնատար անձի կողմից»,- պատմել է Խնկոյանը։
Բանտում ճնշումները շարունակվում են. դիտորդ
Դիտորդական խմբի անդամներն այցից հետո մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին են ահազանգում։ «Արմավիրի» բանտում դատապարտյալները, մասնավորապես, բողոքել են 4-րդ մասնաշենքի նորանշանակ տեղամասի պետ Տարոն Հովհաննիսյանից։ Ասել են, որ պաշտոնյան իրենց ստիպում է տեղեկություններ հավաքել մյուս բանտարկյալների ու բանտի անցուդարձի մասին, փոխանցել իրեն, ինչպես նաև՝ նկարների շրջանակներ պատրաստել։
Ինչո՞ւ թարախային բշտիկներով կալանավորը բուժմասում չէ
Դիտորդական խմբի ղեկավար Արման Սահակյանն իր հերթին պատմում է մեկ այլ կալանավորի ծանր վիճակի մասին։ Նրա ողջ մարմինը պատված է թարախային բշտիկներով։
«Գտնում ենք, օրինակ, մաշկային խնդրով, թարախային բշտիկով անձի, ով գտնվում է դեռևս խցում։ Թե ինչո՞ւ է այնտեղ գտնվում, դեռևս չենք պարզաբանել, որովհետև ակնկալում ենք պատասխան հենց ՊՈԱԿ-ից։ Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ այդ անձը պետք է գոնե գտնվեր բժշկական բաժանմունքում»,- «Ազատությանը» պատմել է Սահակյանը։
Դիտորդները հրապարակել են կալանավորի լուսանկարը։ Սահակյանը հարցնում է՝ ինչո՞ւ նա բուժմասում չէ, այլ խցում, որտեղ ենթարկվում է նաև խցակիցների ճնշումներին։
«Անձը բողոքում է ցավերից, բողոքում է, որ չի կարողանում անգամ միզել, որովհետև սեռական օրգանները նույնպես ախտահարված են, այսինքն՝ բժշկական նեղ մասնագիտական աջակցությունը բավականին կարևոր է՝ անձի կյանքի որակը որոշակիորեն գոնե քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում բարելավելու համար․- պատմում է Սահակյանը և հավելում․« Խցակիցների կողմից ենթարկվում է ծաղրի, որոշակի խտրական վերաբերմունքի՝ զուտ այն պայմանով, որ իր վրա առկա են թարախային բշտիկներ»։
«Տրանսգենդեր դատապարտյալին խորհուրդ են տվել ինքնուրույն պլոմբել ատամը». դիտորդ
Սահակյանի խոսքով՝ կալանավորը պետք է լինի մասնագետների հսկողության տակ, իսկ նրան խցում պահելը խոշտանգում է։ Մեկ այլ դեպքում էլ ատամնաբույժը հրաժարվել է սպասարկել տրանսգենդեր դատապարտյալին։
«Իր հայտնած տեղեկությունների համաձայն՝ ունենք նաև լուսանկարը, որը չենք հրապարակել, սակայն ցույց է տվել այդ պլոմբները, որոնք ցելոֆանե տոպրակի մեջ դրած՝ ատամնաբույժի կողմից հանձնվել են իրեն՝ պատճառաբանելով, որ քանի որ ինքը սպասարկում է այլ դատապարտվածների նույն գործիքներով, ապա իրեն դիպչել այդ գործիքներով չի կարող»։
Դիտորդները պնդում են՝ քրեական ենթամշակույթի պատճառով բանտերում հրաժարվում են տրանսգենդեր անձանց բուժել նույն բժշկական գործիքներով։ Այս դեպքում կալանավորին առաջարկել են ինքնուրույն պլոմբել ատամը։
«Ցավով ենք արձանագրում՝ նույն բժշկական անձնակազմը, մի կողմ թողնելով իր պրոֆեսիոնալ պարտավորությունները, հանձնվում է քրեական մշակույթի այդ օրենքներին։ Իրենք էլ, որպեսզի չունենան խնդիրներ այլ ազատազրկված անձանց կողմից, նախընտրում են պլոմբը, օրինակ, տալ այդ տրանսգենդեր անձին, որ ինքն իրեն պլոմբի»։
Տասն օր առաջ բանտերում դիտորդական խումբն ահազանգել էր, որ «Արմավիրի» բանտում գտնվող և շարժման սահմանափակումներ ունեցող դատապարտյալ Մայիս Եղոյանն ինքնուրույն է փոխում տակդիրը և դատարկում միզահավաք պարկը, վերջին մեկ տարում երկու անգամ է նորմալ լոգանք ընդունել։ Քրեակատարողական բժշկության կենտրոնից, սակայն, պնդել էին, թե հիվանդը պատշաճ բուժում է ստանում։ Դիտորդների բարձրացրած խնդիրներին դեռ չեն արձագանքել ո՛չ Քրեակատարողական բժշկության կենտրոնը, ո՛չ Արդարադատության նախարարությունը։
«Ճնշման փորձեր դիտորդների նկատմամբ»
Մինչդեռ դիտորդները պետական կառույցներից անհապաղ արձագանք են պահանջում։ Նրանց խոսքով՝ խնդիրները լուծելու փոխարեն բանտի պաշտոնյան հետաքրքրվել է անգամ իրենց սեռական կողմնորոշմամբ։ Շուշան Խնկոյանի կարծիքով՝ այդպես գուցե փորձել է ճնշում գործադրել նաև իրենց վրա։