Ընդդիմադիր թեկնածուն ազատազրկման դատապարտվեց. նրա դաշինքը կշարունակի ընտրապայքարը

Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյան
Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյան

Մասիսի առաջիկա ՏԻՄ ընտրություններում իշխանության միակ մրցակից ուժի թեկնածուն՝ Դավիթ Համբարձումյանն ազատազրկման դատապարտվեց:

Վճռաբեկ դատարանն օրինական ուժ տվեց առաջին ատյանի որոշմանը, որով Համբարձումյանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Հաշվի առնելով նախկինում կրած կալանքը՝ Համբարձումյանի նկատմամբ 5 տարի, 4 ամսվա պատժաչափ է կիրառվել:

Վճռաբեկը վերջին դատական ատյանն է, և որոշումն այսօրվանից ուժ մեջ է: Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ ծանր և այլ հանցանքների համար ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձինք ընտրվելու իրավունք չունեն:

Նախքան դատարանի վերջնական որոշումը Դավիթ Համբարձումյանն այսօր լրագրողներին ասել էր, որ իր առաջնորդած ընդդիմադիր «Կառուցող» կշարունակի ընտրապայքարը: Ավելի ուշ էլ տեսաուղերձ հրապարակեց՝ նշելով. - «Դաշինքը շարունակելու է պայքարը Նորայր Հակոբյանի (Մասիսի գործող քաղաքապետը և դաշինքը 2-րդ համար) գլխավորությամբ: Էդ հանցանքը ես չեմ գործել, նման կեղտոտ մեթոդով փորձել գողանալ մասիսցու քվեն, վստահ եմ, չի ստացվելու: Մենք շարունակելու ենք մեր պայքարը, շարունակում ենք առաջ գնալ հստակ քայլերով»:

Համբարձումյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետականի անդամ է: 2021-ի ընտրություններում հաղթել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը, բայց անցած տարի նրա կալանավորուից հետո ավագանին նրա թիմակից Նորայր Հակոբյանին ընտրեց քաղաքապետի պաշտոնում:

Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունն արձագանքել է Մասիսի համայնքապետի թեկնածուին ազատազրկելու որոշմանը: «Երկրում նոր թափ ստացող բռնաճնշումների ֆոնին կառավարող վարչախմբի բացահայտ կցորդի վերածված դատական համակարգն այսօր հլու-հնազանդության հերթական հակառեկորդը սահմանեց», - հայտարարել է ՀՀԿ-ն:

Սերժ Սարգսյանի կուսակցությունը պատահական չի համարել Համբարձումյանի քրեական գործի ժամանակագրությունը:

«Մեղադրանքն առաջադրվել է 2018 թվականին, նախաքննությունն ավարտվել է 2019 թվականի փետրվարին, սակայն դատավճիռը կայացվել է միայն 2025 թվականի հոկտեմբերին՝ Դավիթ Համբարձումյանի՝ խորհրդարանական ընդդիմության միասնական վարչապետի թեկնածու առաջադրվելուց ամիսներ անց, իսկ Վճռաբեկ դատարանի որոշումը հրապարակվել է 2026 թվականի դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում ընտրություններից ընդամենը 16 օր առաջ։ Տարիներով ձգձգված գործն «արագանում է» ճիշտ այն պահերին, երբ դա պետք է իշխանությանը», - հայտարարում է ՀՀԿ-ն՝ պնդելով, որ ընդդիմության թեկնածուին դատական ակտով ընտրվելու իրավունքից զրկելն «ուղղակի միջամտություն է ընտրական գործընթացին և հարցականի տակ է դնում Մասիսի ընտրությունների լեգիտիմությունը»:

Ինչի համար մեղավոր ճանաչվեց ընդդիմադիր թեկնածուն

«Կառուցող» դաշինքի թեկնածուն մեղավոր ճանաչվեց 8 տարվա վաղեմության՝ 2018 թվականին հեղափոխության մասնակիցների նկատմամբ զենքով խուլիգանություն կատարելու համար:

Համբարձումյանն այս որոշումը բողոքարկել էր, Վերաքննիչն էլ բողոքը մասնակի բավարարել ու որոշել էր՝ զենքով խուլիգանություն կատարելու մեղադրանքի համար բավարար ապացույցներ չկան: Գլխավոր դատախազությունն էլ սա էր բողոքարկել, և փաստորեն Վճռաբեկը բավարարեց մեղադրող կողմի բողոքը:

Համբարձումյանի փաստաբանները երեկվանից պնդում էին, որ այս ատյանը «կայծակնային» արագությամբ է գործում, որպեսզի «չեզոքացվի Համբարձումյանի մասնակցությունը դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին»:

Օրերս Համբարձումյանը «Ազատությանն» ասել էր, թե այս ընտրություններից առաջ Փաշինյանի թիմից իրեն առաջարկել են համագործակցել, ինքն էլ մերժել է: Իշխանության թեկնածուն պնդել էր, որ ընդդիմադիր «Կառուցող» դաշինքի հետ համագործակցելու մասին ոչինչ չի լսել, տեղյակ չէ:

ՔՊ-ի թեկնածուն ևս քրեական գործով է անցնում

Մասիսում իշխող ՔՊ թեկնածուն Հովհաննես Հակոբյանն է՝ տեղի անձնագրայինի պետը: Նա էլ անցնում է ապօրինի գույքի բռնագանձման ու նախընտրական շրջանում կաշառք խոստանալու գործով:

Դեռ քարոզարշավը չսկսած՝ Հակոբյանը սկսել էր ընտրողների հետ հանդիպումները: Դրանցից մեկի ժամանակ անչափահաս մի տղա դրվատել ու հորդորել էր նրան ընտրել, թեկնածուն էլ խոստացել էր հեռախոս նվիրել: Իշխանական թեկնածուն օրերս «Ազատությանն» ասել էր՝ քրեական գործի հարուցումից հետո իրեն հարցաքննության չեն կանչել:

Հակոբյանի հայրը՝ Սաշա Հակոբյանը, մի քանի անգամ Մասիսի քաղաքապետն է եղել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Հայրն ու փոխկապակցված անձինք, այդ թվում համայնքապետի թեկնածու որդին անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Գլխավոր դատախազությունը Հակոբյաններից մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ ապօրինի գնահատված գույք է պահանջում վերադարձնել: Գործը Հակակոռուպցիոն դատարանում դեռ քննվում է:

Իշխանության թեկնածուի հայրը նաև քրեական գործով է անցնում, մեղադրվում է պաշտոնավարման տարիներին իրեն վստահված գույքի հափշտակության համար: Ըստ իրավապահների՝ իշխանական լիազորությունները, ազդեցությունն օգտագործելով՝ օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: Այդ գործի քննությունը ևս շարունակվում է Հակակոռուպցիոն դատարանում, Սաշա Հակոբյանին արգելել են երկրից դուրս գալ:

​
XS
SM
MD
LG