Վճռաբեկ դատարանը, մի քանի օրում քննելով դատախազության բողոքը, օրինական ուժ տվեց առաջին ատյանի դատարանի որոշմանը, որով Մասիսի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել: Ըստ այդմ, Համբարձումյանը պետք է տեղափոխվի կալանավայր:
Առաջին ատյանի որոշմամբ՝ Համբարձումյանը դատապարտվել էր 6 տարի, 3 ամիս ազատազրկման: Վճռաբեկը, հաշվի առնելով նախկինում անազատության մեջ գտնվելու օրերը, Համբարձումյանին դատապարտել է 5 տարի, 4 ամիս, 18 օր ժամկետով ազատազրկման:
«Այսօր դատապարտվեց ոչ թե Դավիթ Համբարձումյանը, այլ արդարադատությունը», - Վճռաբեկ դատարանի որոշմանն արձագանքել է նրա փաստաբանը։
Համբարձումյանի գլխավորած «Կառուցող» դաշինքն ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» միակ մրցակիցն է: Դավիթ Համբարձումյանն այսօր նախքան Վճռաբեկի որոշումը ասել էր, որ իր բանտարկության պարագայում իր գլխավորած դաշինքը կշարունակի ընտրապայքարը:
Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ ընտրելու և ընտրվելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք: Ընտրվելու իրավունք չունեն նաև այլ հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք:
Համբարձումյանի գործը վերաբերում է 2018 թվականի ապրիլին՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության օրերին, ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքին։ Նա մեղավոր էր ճանաչվել զենքի գործադրմամբ խուլիգանության համար։
Առաջին ատյանի դատավճռից հետո Համբարձումյանը կալանավորվել էր, ապա տեղափոխվել տնային կալանքի։ Հունիսին Վերաքննիչ դատարանը բեկանել էր նրա նկատմամբ կայացված դատավճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ փոխելով նաև խափանման միջոցը։
Մասիսի ընտրություններում առաջադրվել է երկու ուժ՝ Համբարձումյանի գլխավորած ընդդիմադիր «Կառուցող» դաշինքը և իշխող ՔՊ-ն, որի ցուցակը գլխավորում է Հովհաննես Հակոբյանը։ Նախորդ ընտրություններում Համբարձումյանը հաղթել էր ՔՊ-ին։