Եթե դեմ էր ԵՄ անդամակցությանը, պետք է հրաժարական տար. Փաշինյանը՝ Արմեն Գրիգորյանի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա են գտնվել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին

Եթե նման տեսակետ ուներ, պետք է ավելի շուտ հրաժարական տար. այսպես է այսօր արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հոդվածին, որում վերջինս «պատրանք» էր համարել Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը:

«Եթե Արմեն Գրիգորյանն ուներ այդպիսի սկզբունքային դիրքորոշում, նա պետք է ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագծի ընդունումից հետո հրաժարական տար և այդպիսով արտահայտեր իր բողոքը»,- հայտարարեց Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ Գրիգորյանին պաշտոնից ազատելուց հետո նրան այլ աշխատանք է առաջարկել, սակայն վերջինս մերժել է:

Արմեն Գրիգորյանը ավելի վաղ բացատրել էր, թե ինչու պաշտոնավարման ընթացքում հրաժարական չի տվել՝ չնայած ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ իր մտահոգություններին։

Նոյեմբերի 13-ին CivilNet-ին տված հարցազրույցում նա ասել էր, որ իր դիրքորոշումը ներկայացրել է վարչապետին և կառավարության մյուս անդամներին՝ փորձելով համոզել նրանց չգնալ այդ ճանապարհով։

Նա նաև նշել էր, որ որպես Հայաստանի անվտանգության համար պատասխանատու պաշտոնյա՝ որոշել է մնալ պաշտոնում և շարունակել համոզելու փորձերը։

Նոյեմբերի 11-ին հրապարակած «ԵՄ անդամակցության պատրանքը» հոդվածում Գրիգորյանը քննադատել էր ԵՄ-ին անդամակցելու քաղաքական նպատակը՝ այն համարելով Հայաստանի համար անիրատեսական և ռիսկեր պարունակող։

Միաժամանակ նա ընդգծել էր, որ կողմ է Եվրամիության հետ ինտեգրմանն ու համագործակցության խորացմանը, բայց տարբերակում է դրանք անդամակցությունից։

Վարչապետն այսօր նաև ասաց՝ ցավում է, եթե Գրիգորյանի խոսքում քամահրանք է եղել, երբ վերջինս լրագրողի հարցին՝ արդյոք իրեն դեռ չեն հեռացրել «ՔՊ» շարքերից, ժամացույցին է նայել և ժպտացել:


​
XS
SM
MD
LG