Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայտարարել է, որ ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի (Մերգելյան ինստիտուտի) տնօրենի պաշտոնը։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
1956 թվականին հիմնադրված ինստիտուտն այս տարի նշում է 70-ամյակը։ Արզաքանցյանը նշել է, որ իր առաջնահերթություններն են լինելու ինստիտուտի գիտական ներուժի զարգացումը, նորարարական ծրագրերի իրականացումն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։
«Ինձ համար հատկապես խորհրդանշական է ինստիտուտի ղեկավարումը ստանձնել հենց հոբելյանական տարում։ Սա ոչ միայն մեծ պատիվ է, այլև պատասխանատվություն՝ պահպանելու հարուստ գիտական ժառանգությունը և ստեղծելու զարգացման նոր հնարավորություններ», - գրել է նա։
Արզաքանցյանը չի մանրամասնել, թե ինչ ընթացակարգով է նշանակվել տնօրենի պաշտոնում։ Նրա հայտարարության վերաբերյալ պաշտոնական հաստատում առայժմ չի ներկայացվել։
Այս տարվա հունվարին «Ազատությունը» գրել էր, որ Երևանի երկու խոշոր ձեռնարկությունների՝ «Մարս» գործարանի և Մերգելյան ինստիտուտի կառավարումը վերստին ստանձնել է ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունը, որը 2023 թվականից գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ։
Հայաստանյան երկու խոշոր գործարանները ռուսական կողմին էին անցել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք՝ «Գույք պարտքի դիմաց» գործարքի շրջանակում:
Տիգրան Արզաքանցյանի հայտարարությունից ժամեր անց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը շտապեց պարզաբանել, որ մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ոչ թե Հայաստանի Հանրապետությանը պատկանող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ին, այլ առանձին ընկերություն հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին։
Նախարարության փոխանցմամբ՝ վերջինիս 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի պետական գույքի կառավարման գործակալությունն է՝ «Ռոսիմուշչեստվոն»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ հայկական գործարանում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։
Արզաքանցյանի նշանակումը ակտիվորեն քննարկվում է համացանցում, մեմերի ու հումորների առիթ է դարձել: 60-ամյա գործարարը գիտության հետ երբևէ առնչություն չի ունեցել, կրթությունը ստացել է անասնաբուժական-անասնաբուծական տեխնիկումում ու բազմիցս հումորային հաղորդումների հերոս է դարձել՝ իր ոչ այնքան գրագետ հայերեն ու ռուսերեն խոսքի համար: