ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի նկատմամբ

Սինգապուրի Պասիր Պանջանգի նավահանգստային տերմինալը, 3-ը փետրվարի, 2026թ.
Սինգապուրի Պասիր Պանջանգի նավահանգստային տերմինալը, 3-ը փետրվարի, 2026թ.

ԱՄՆ-ն հայտարարել է մաքսատուրքերի նոր փաթեթի մասին, որոնք կազդեն երկրի խոշորագույն առևտրային գործընկերներից շատերի, այդ թվում՝ Չինաստանի, Եվրամիության և ևս 12 երկրի վրա, հայտնում է BBC-ին:

Սպիտակ տունը մարտին էր սկսել հետաքննել այլ երկրների առևտրային պրակտիկան, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշեց, որ նախագահ Դոնալդ Թրամփի՝ նախկինում հայտարարած «Ազատագրման օրվա» մաքսատուրքերն անօրինական են։

Ամենաբարձր՝ մինչև 40% մաքսատուրքը սահմանվել է Չինաստանի համար։ Հաջորդը Վիետնամն է՝ մինչև 35% մաքսատուրքով, իսկ մյուս երկրների և տարածքների համար նախատեսված են 20% կամ 25% մաքսատուրք։

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակն առաջարկվող մաքսատուրքերը ներկայացրել է յուրաքանչյուր երկրի և տարածքի առևտրային պրակտիկայի վերաբերյալ ծավալուն զեկույցների հետ միասին։ Դրանցում ներկայացվում է, թե ինչպես են նրանց առևտրային գործունեությունը, ըստ ԱՄՆ-ի պնդումների, ազդում ամերիկյան առևտրի վրա։

Սպասվում է, որ նոր մաքսատուրքերն ուժի մեջ կմտնեն միայն հաջորդ տարի։ Մինչ այդ դրանք պետք է անցնեն հանրային քննարկումների մի քանի փուլ և, հնարավոր է, նաև լսումներ։

Մաքսատուրքերը ներմուծվող ապրանքների վրա գանձվող հարկերն են։ Դրանց չափը սովորաբար հաշվարկվում է ապրանքի արժեքի որոշակի տոկոսի չափով, իսկ վճարումը կառավարությանը կատարում են ապրանքներ ներմուծող ընկերությունները։

Այս դրույքաչափերից մի քանիսը փաստացի կնվազեն՝ Թրամփի համաձայնեցրած մաքսատուրքերի վերին շեմի պատճառով։ Բացի դրանից՝ առանձին երկրների նկատմամբ կկիրառվեն տարբեր մաքսատուրքեր։

Առաջարկվող մաքսատուրքերը կազդեն Չինաստանից, Եվրամիությունից, Սինգապուրից, Շվեյցարիայից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Կամբոջայից, Թաիլանդից, Հարավային Կորեայից, Վիետնամից, Թայվանից, Բանգլադեշից, Ճապոնիայից և Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա։

ԱՄՆ առևտրի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Ջեյմիսոն Գրիրն ասել է, որ սահմանված նոր մաքսատուրքերը «հավասար պայմաններ կստեղծեն ամերիկացի աշխատողների համար և համաշխարհային տնտեսության զարգացման նոր՝ ավելի կայուն ուղի կուրվագծեն»։

Նրա խոսքով՝ Ամերիկայի բազմաթիվ առևտրային գործընկերներ «տասնամյակներ շարունակ» որդեգրել են արդյունաբերական ռազմավարություններ, որոնք ներառել են «արտադրության ոլորտի ու աշխատավարձերի թիրախավորում և ճնշել են աշխատուժին»։

Գրիրի խոսքով՝ այդ երկրները նաև կիրառում են «շուկան խաթարող այլ գործելակերպ, որն առևտրային հաշվեկշիռը թեքում է իրենց օգտին՝ միաժամանակ թուլացնելով ամերիկյան արտադրական ներուժը»։

Սակայն տնտեսագետները նախազգուշացնում են, որ մաքսատուրքերը կարող են խթանել գնաճը և բարձրացնել սպառողական գները, եթե ընկերությունները լրացուցիչ ծախսերի բեռը դնեն գնորդների ուսերին։ Դրանք կարող են նաև նվազեցնել համաշխարհային առևտրի ծավալները։

Դոնալդ Թրամփն իր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում բազմիցս սպառնացել է մաքսատուրքեր սահմանել կամ արդեն սահմանել դրանք՝ պնդելով, որ այդ քայլերը կխթանեն ԱՄՆ-ում արտադրությունը և նոր աշխատատեղեր կստեղծեն։

​
XS
SM
MD
LG