Խտրականության դեմ նոր օրենքի նախագիծը խորհրդարանում է

Օրենք կընդունվի ու մարդիկ չեն կարող Եվրոպա գնալ ու ապաստան հայցել ձևանալով սեռական փոքրամասնության ներկայացուցիչ՝ շաբաթներ առաջ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր վարչապետ Փաշինյանը՝ նշելով, թե հաճախ գողականներն են գեյ ձևանում:

Խոստացված նախագիծը խորհրդարանում է, ու այն բոլորովին էլ միայն Լեսբի-գեյ-բիսեքսուալներին այստեղ պաշտպանելու ու դեպի Եվրոպա արտագաղթը կանխելու համար չէ, ինչպես վարչապետն էր ներկայացնում:

«Հայաստանում իրավահավասարություն ու հակախտրականության ոլորտը ամենախնդրահարույցներից է, որովհետև սա երևի թե այն բացառիկ ոլորտներից է, որտեղ նույնիսկ մարդկանց ընկալումներն են ընդհանրապես բոլոր հարցերի առնչությամբ շատ խնդրահարույց», - ասաց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

«Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը կառավարությունը հավանության է արժանացրել ու ուղարկել խորհրդարան: Այսօր աշխատանքային քննարկում էր Մարդու իրավունքների հանձնաժողովում:

Խտրականությունը կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, կրոնից քաղաքական կամ այլ հայացքներից արգելված է Հայաստանում: Սա սահմանադրական նորմ է, բայց համապարփակ օրենքի կարիք կա, բացատրեց Արդարադատության նախարարությունը, սա նաև նախապայման է:

Ըստ նախագծի՝ մարդկանց հավասարություն ապահովող մարմինը պիտի հատուկ խորհուրդը լինի, որ կձևավորվի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կազմում:

Մանասյանը ստանձնում է այդ հանձնառությունը, բայց և ընդգծում՝ ռեսուրսներ են պետք, որ աշխատի այդ մարմինը, բայց պաշտպանի գրասենյակի բյուջեն նույնն է մնացել, նկատեց հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը:

Արդարադատության փոխնախարարն ասաց՝ կառավարության միջոցառումների ծրագրով հավելյալ բյուջե կտրամադրվի, բայց դա մեկ տարի կտևի:

«Հայաստանյան առօրյան լի է խտրականության դեպքերով»

Պաշտպանի գրասենյակի պայմաններն այսօր էլ խտրական են, շեշտում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ կազմակերպության ղեկավար Մուշեղ Հովսեփյանը: Հայաստանյան առօրյան լի է խտրականության դեպքերով, Մուշեղ Հովսեփյանը կարևոր է համարում, որ նախագիծը ի վերջո օրենք դառնա: Այսօր, ասում է, խտրականության բախված մարդը՝ լինի հաշմանդամություն ունեցող, փախստական կամ կրոնական համայնքի ներկայացուցիչ, կամ էլ պարզապես մի քիչ գեր կամ տարեց ինչ-որ գործատուի համար, դատական պաշտպանության մեծ շանսեր չունի:

«Եթե ԱԺ-ն ընդունի այս օրենքը, իրականում կհեշտանա պաշտպանության հարցը, որովհետև այսօր եթե անձը ենթարկվում է խտրականության, ըստ էության, նույնիսկ շատ տեղ չունի դիմելու: Օրինակ, դատարանները շատ դեպքերում նույնիսկ կարող են վարույթ չընդունել՝ պայմանավորված, որ օրենսդրությամբ չունենք պաշտպանված հատկանիշները, ընթացակարգերը հստակ չեն», - ասաց Հովսեփյանը:

Նոր կարգավորմամբ ապացուցման բեռը ոչ թե զոհի, այլ խտրականության ենթարկողի վրա է: Նախագծի թերություններից, որ Հովսեփյանն է նշում՝ կանխարգելման հարցն է:

Հայաստանում խտրականության ընկալումների վերաբերյալ վերջին հետազոտության համաձայն՝ հարցվածների ավելի քան 70 տոկոսը նշել է, որ անհավասար վերաբերմունքի հարցը լուրջ է. ավելի հաճախ խտրականության ենթարկվող խմբերն են ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները, հոգեկան խնդիրներով մարդիկ ու Արցախից տեղահանվածները:




​
XS
SM
MD
LG