ԱՄՆ Նյու Յորք քաղաքի Բրուքլինի դաշնային շրջանային դատարանը հեռահաղորդակցության ոլորտի սարքեր արտադրող չինական Huawei ընկերությանը մեղավոր է ճանաչել առևտրային գաղտնիքի հափշտակության և Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու մեջ, հաղորդում է The New York Times-ը և ամերիկյան ու միջազգային այլ լրատվամիջոցներ։
Քանի որ 2019 թվականից Huawei-ին փաստացի արգելված է իր արտադրանքը վաճառել ԱՄՆ-ում, դատարանի այս որոշումը, հնարավոր է, չազդի ընկերության ֆինանսական վիճակի վրա։ Այդուհանդերձ, խոշոր ֆինանսական տուգանքը և «մեղադրական դատավճռով հեղինակությանը հասցված վնասը» կարող են խոչընդոտել ընկերության բիզնեսին, կարծում է The New York Times-ը։
Դատավարությունը տևել է 11 շաբաթ, ևս մեկ շաբաթ է պահանջվել երդվյալ ատենակալների խորհրդակցությունների համար։ Huawei կոնցեռնը մեղավոր է ճանաչվել քրեական մեղադրանքի 12 կետերից 10-ով։ Դրանց թվում են բանկային խարդախությունը, առևտրային գաղտնիքը հափշտակելու նպատակով դավադրությունը և ԱՄՆ-ի շահերին վնասելու նպատակով խարդախություն կատարելու դավադրությունը։
Միևնույն ժամանակ, երդվյալ ատենակալներն արդարացրել են Huawei-ին հանցավոր գործունեություն ծավալելու նպատակով դավադրության մեղադրանքով՝ հերքելով ԱՄՆ արդարադատության նախարարության հիմնական պնդումը, թե ընկերությունը գործել է որպես հանցավոր կազմակերպություն։
Ինչպես գրում է The New York Times-ը, կոնցեռնը մեղավոր չի ճանաչվել նաև արդարադատությանը խոչընդոտելու նպատակով դավադրության մեղադրանքով։
Միևնույն ժամանակ, Huawei-ի փաստաբանը հայտարարել է, որ կոնցեռնը կբողոքարկի այն մեղադրանքներով կայացված որոշումները, որոնցով մեղավոր է ճանաչվել։
Դատախազության պնդմամբ՝ Huawei-ի ղեկավարությունը դրդել է իր աշխատակիցներին գողանալ ամերիկյան և այլ ընկերությունների մտավոր սեփականությունը։ Ըստ այդ տվյալների՝ չինական կոնցեռնը առևտրային գաղտնիքներ է հափշտակել T-Mobile-ից, Cisco-ից և այլ ընկերություններից։
Մրցակիցներից գողացված տեղեկատվությունը, ըստ ամենայնի, թույլ է տվել Huawei-ին ստեղծել նմանատիպ արտադրանք և այնուհետև վաճառել ավելի ցածր գնով։
Չինաստանի օգտին լրտեսության կասկածանք
Արևմտյան հետախուզական ծառայությունները նաև կասկածում են, որ Huawei-ի մատակարարած հեռահաղորդակցական սարքավորումները կարող են օգտագործվել Չինաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար։ Իր հերթին, կոնցեռնը հերքում է իր հասցեին հնչող բոլոր նման մեղադրանքները։
Huawei-ի սարքավորումների օգտագործման հետ կապված անվտանգության հնարավոր ռիսկերի շուրջ քննարկումներ տարիներ շարունակ ընթանում են նաև Եվրամիությունում։ Սակայն Huawei-ի կողմնակիցները երկար տարիներ պնդում են, որ ընկերության նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ ունի և Չինաստանի՝ ամբողջ աշխարհում 5G ցանցեր ստեղծելու նախաձեռնության համար վրեժխնդրություն է։
ԱՄՆ դատարանի մեղադրական վճիռները մեկնաբանելով՝ Huawei-ը նոյեմբերի 25-ի գիշերը հայտարարել է, որ այդ կապակցությամբ կձեռնարկի իրավական «անհրաժեշտ» քայլեր։ Ընկերությունը դատարանի մեղադրական վճիռն անվանել է «անհիմն»:
Huawei-ի ֆինանսական տնօրենի ձերբակալությունը Կանադայում
2018 թվականի դեկտեմբերի 1-ին ԱՄՆ-ի պահանջով Կանադայի իրավապահ մարմինները Վանկուվերում ձերբակալել էին Huawei Technologies-ի հիմնադրի դստերը՝ ընկերության ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուին։ Նա կասկածվում էր Թեհրանի դեմ Վաշինգտոնի սահմանած առևտրային պատժամիջոցները խախտելու մեջ։
Նույն տարվա դեկտեմբերի 11-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի դատարանը Մեն Վանչժոուին ազատ էր արձակել 7,5 միլիոն դոլար գրավի դիմաց։ Միևնույն ժամանակ դատավորը մի շարք պարտադիր պայմաններ էր սահմանել․ Մեն Վանչժոուն պետք է մշտապես կրեր էլեկտրոնային թևնոց, հանձներ անձնագիրը, չլքեր Վանկուվերի սահմանները, իսկ ժամը 23:00-ից մինչև 06:00-ը գտնվեր քաղաքում իրեն պատկանող երկու տներից մեկում։
2021 թվականի սեպտեմբերին, ամերիկյան իշխանությունների հետ համաձայնության գալուց հետո, որոնք ձգտում էին հասնել նրա արտահանձնմանը, Մեն Վանչժոուն ազատ էր արձակվել և վերադարձել Չինաստան։ Ըստ The New York Times-ի՝ այդ ժամանակ նա ընդունել է, որ Huawei-ը բանկին մոլորեցրել է Իրանի հետ իր գործարքների հարցում: