Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այսօր Մոսկվայում քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության հարցերը, հաղորդում է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքը։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական ու հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերը և պայմանավորվել շարունակել շփումները քննարկված թեմաների շուրջ», - ասված է հաղորդագրությունում։
Թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվել, ռուսական կողմը չի մանրամասնում։
Մհեր Գրիգորյանը նոյեմբերի 24-25-ը աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Այցի շրջանակում նա կմասնակցի նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։
Մհեր Գրիգորյանի մոսկովյան այցը տեղի է ունենում հայ-ռուսական լարվածության պայմաններում: Ռուսաստանը տարեսկզբից արգելել է հայկական արտադրության բազմաթիվ ապրանքների ներմուծումն ու տարանցումը ԵԱՏՄ տարածքով, Հայաստանն իր հերթին բողոքարկել է Մոսկվայի այս քայլը ԵԱՏՄ կոլեգիայում: Երևանի դիմումի հարցով որոշում դեռ չի կայացվել, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը չէր բացառել այս հարցով անգամ ԵԱՏՄ դատարան դիմելը:
Տնտեսական պատժամիջոցներին զուգահեռ Մոսկվան Երևանից պահանջում է հանրաքվե անել ու արագ ընտրություն կատարել Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև: Հայաստանի իշխանությունները հակադարձում են, որ հանրաքվեի պահը չի հասունացել, այս պահին էլ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունեն: