Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ու Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմին Երևանում քննարկել են ռոբոտաշինության, արհեստական բանականության, տվյալների անվտանգության և թվային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։
Դավիթ Թադևոսյանը կարևորել է էներգետիկ և հաշվողական ենթակառուցվածքների զարգացումը՝ ընդգծելով, որ տեղական հաշվողական հզորությունները հնարավորություն են տալիս էներգետիկ ռեսուրսները վերածել տեխնոլոգիական և տնտեսական արժեքի։
Անդրադառնալով տեխնոլոգիական զարգացման ազդեցությանը աշխատաշուկայի վրա՝ Թադևոսյանն ընդգծել է կրթական համակարգի ճկունության, մասնագիտական վերապատրաստման և շարունակական ուսուցման կարևորությունը։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության խորացման հնարավորություններին։ Կարևորվել են երկու երկրների ստարտափ էկոհամակարգերի միջև կապերի ընդլայնումը, կրթական և մասնագիտական համագործակցությունը, գիտելիքի ու փորձի փոխանակումը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թվային կապակցվածության և օպտիկամանրաթելային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տվյալների ինքնիշխանությանն ու անվտանգությանը։
Նոյեմբերի 9-ին էլ Հայաստանում գտնվող Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին վարչապետ Նիկոլ Փաշիյանի հետ քննարկել էր տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը, սահմանային ենթակառուցվածքները, փոստային և լոգիստիկ ծառայությունների ընդլայնումը։