Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստմանը՝ նոր Սահմանադրության համար հանրաքվե անցկացվելու դեպքում անկախ արդյունքներից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում, որոշ քաղաքացիներ թերահավատորեն են վերաբերվում. համարում են հերթական չկատարվելիք խոստում, մյուսները՝ վստահ են, որ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Կան նաև քաղաքացիներ, որոնք դեմ են սահմանադրական փոփոխություններին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդդիմությանը նորից առաջարկեց խորհրդարանում կողմ քվեարկել և աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն: Փոխարենը խոստացավ՝ անկախ հանրաքվեի արդյունքներից այլևս չի առաջադրվի վարչապետի պաշտոնում։
«Մի դեպքում՝ կիսատ թողած խաղաղության օրակարգը, որովհետև փաստացի ստացվում է, որ էդ օրակարգը չի ստանում ժողովրդի աջակցությունը՝ առնվազն իմ մատուցմամբ, երկրորդ տարբերակում ես իրացնելով մինչև հաջորդ ընտրությունները էս կարգավիճակով՝ հաջորդ ընտրություններում արդեն չեմ լինում վարչապետի թեկնածու, և դրանով ֆունդամենտալ խնդիրը լուծվում է», - երեկ հայտարարեց Փաշինյանը: