«Անորոշ վիշտ է, մեր վերքերը չեն չորանում». անհայտ կորածների հարազատները պատրաստ են երկխոսել ադրբեջանցիների հետ

Ռազմի դաշտից որդուն այդպես էլ չդիմավորած Ասյա Դանիելյանն ու անհայտ կորածների մյուս հարազատները պատրաստ են նույն սեղանի շուրջ նստել ադրբեջանցի բախտակիցների հետ: Նրանց համար սա կարևոր ճանապարհ է՝ վերջապես ստանալու տարիներ շարունակ հոգի մաշող հարցի պատասխանը՝ ո՞ւր է հարազատը, ո՞ղջ է, թե՞ ոչ։

Ղարաբաղյան երկու պատերազմներից հետո հայկական կողմն ունի շուրջ 1000 անհայտ կորած, որոնցից մոտ 200-ը՝ վերջին 2020 թվականի պատերազմից։ Տանջող սպասումն ու անորոշությունը միավորել են հարազատներին. ամիսներ առաջ նրանք հասարակական կազմակերպություն են հիմնել, քննարկումներ են անում ու մասնակցում միջազգային համաժողովների։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և պետական կառույցների կազմակերպած այս հավաքին Ասյա Դանիելյանն ու մյուս ծնողները ծանոթանում էին նաև միջազգային հակամարտություններից տուժածների երկխոսության հաջողված փորձին։

«Երկու կողմում էլ նույն հարազատներն են ու նույն խնդիրները»

«Այո, կարող է լինել հանդիպում, և մենք դեմ ենք պատերազմին, դեմ ենք հակամարտությանը: Անհայտ կորած անձ ու հարազատ հասկացությունը չունի հայրենիք ու հակամարտություն, երկու կողմում էլ նույն հարազատներն ու նույն խնդիրներն ունեն», - ասաց անհայտ կորածներից մեկի հարազատ:

19-ամյա որդուց վերջին լուրը Սասուն Բադոյանը պատերազմի օրերին է ստացել՝ վեց տարի առաջ. տղան ու ծառայակիցները Հադրութում էին, կռվել են մինչև վերջին հնարավորությունը, դիմակայել հակառակորդի տանկերին, ինչից հետո ենթարկվել անօդաչու թռչող սարքի հարվածին։ Հայրն ասում է, որ դեպքի վայրում գտել են որդու զրահաբաճկոնը՝ իր տվյալներով, բայց ԴՆԹ-ով հաստատված մասունք չկա։

«Անորոշ վիշտ է: Մեր վերքերը արյունահոսող վերքեր են: Ժամանակը չի կարող իրեն բուժել», - ասաց նա:

Հայրն իր ունեցած տվյալները փոխանցել է պետական կառույցներին, որոնք, սակայն, դրանք այդպես էլ չեն հստակեցրել։ Հարազատները հույս ունեն, որ ձգվող անորոշությանը կարող է վերջ դնել ուղիղ շփումը հակառակ կողմի հետ։

Գոռ Մուրադյանը «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիայի» նախագահն է, եղբոր որդուն է փնտրում։ Ասում է՝ ուղերձ ունեն կառավարությանը. կառուցողական երկխոսության միջոցով հանդիպել ադրբեջանցի բախտակիցներին, որ նրանք էլ հարցն իրենց իշխանությունների առջև բարձրացնեն։

«Խաղաղությունը լավ բան ա, թող լինի, բայց ամեն վայրկյանը տառապանք է», - ասաց Գոռ Մուրադյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի իններորդ կետով կողմերը պարտավորվում են համագործակցել և փոխանակել ողջ տեղեկատվությունը անհայտ կորած և բռնի անհետացած անձանց ճակատագրերը պարզելու համար։ Երեկ միջազգային համաժողովում այս մասին էր խոսել արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Անհայտ կորածի հարազատը, սակայն, ընդգծում է՝ պետք չէ սպասել փաստաթղթի վերջնական ստորագրմանը, կարևոր են անգամ րոպեները։

«Գոնե աճյունները տան»

«Մենք պահանջում ենք, որպեսզի աճյունները բերեն, գոնե ես իմ ձեռքով հայրենի հողում, «Եռաբլուրում» իմ երեխայի տեղն ունենամ» ասաց Սամարա Գրիգորյանը:

Սամարա Գրիգորյանը որդուն սպասում է արդեն 35 տարի։ Վրեժն անհետ կորել է ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ՝ Արցախում շրջափակման մեջ հայտնվելով։ 44-օրյա պատերազմից հետո հարազատներին չգտնողները չեն ուզում, որ իրենց սպասումը ևս ձգվի տասնամյակներ։

«Մեր զավակներին ենք ուզում: բոլորին սպասում ենք, ամեն դռան զանգի, հեռախոսազանգի, սպասում ենք, գիշերուզօր սպասում ենք, մեզ համար տարին ու օրը կանգ են առել», - նշեց Ասյա Դանիելյանը:

ԱԱԾ-ն զբաղված է տվյալների բազայի ձևավորմամբ

Արդեն կես տարի է, ինչ Հայաստանում ուժի մեջ է մտել Անհայտ կորածների մասին օրենքը: Այս հարցերով լիազորված կառույցն Ազգային անվտանգության ծառայությունն է: Անհայտ կորածների հարցերով Երևանի և Բաքվի հանձնաժողովները տարին մեկ-երկու անգամ են հանդիպում, վերջինը 2025-ին էր: Այժմ Հայաստանի ԱԱԾ-ն զբաղված է տվյալների բազայի ձևավորման աշխատանքներով:

«Անհայտ կորած անձանց ընտանիքների հետ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ, այդ թվում՝ այցելություններ նրանց բնակության վայրեր», - ասաց ԱԱԾ գլխավոր վարչության պետ Արմեն Արզումանյանը:

Ադրբեջանը 4000 անհայտ կորածի հարց է բարձրացնում: Արդյո՞ք կկատարվի անհայտ կորածների հարազատների ցանկությունը՝ երկխոսել ադրբեջանցիների հետ, դեռ հստակ չէ: Պաշտոնական տեղեկություններ այս մասին առայժմ չկան: Հայտնի է, որ Բաքուն անհայտ կորած անձանց հարցերով աշխատանքային նախագիծ է ներկայացրել Երևանին, հայկական կողմն էլ պատրաստվում է իր առաջարկները ներկայացնել:

​
XS
SM
MD
LG