18 տարի անվասայլակով տեղաշարժվող վանաձորցի Ամալյա Հարությունյանը հաղթահարել է աղքատությունը թղթի վրա: Օնլայն փաստագրման նոր համակարգը նրան զրկել է ամենամսյա նպաստից. «Այն, որ ես էս պահին անելանելի վիճակում եմ հայտնվել, դա այդպես է»,- ասում է Ամալյան:
Պատճառն ընդամենը 2400 դրամով ավելի եկամուտն է: 49 հազար դրամանոց թոշակը չնչին չափով գերազանցել է նվազագույն զամբյուղն ու համակարգի անդեմ ալգորիթմը հաշմանդամություն ունեցող կնոջը մի վայրկյանում միջին խավի շարքին է դասել.
«Օնլայն ձևով փաստագրումն անցել ենք, արդեն երկու անգամ եմ լրացրել ու ինձ երկու անգամ էլ պատասխանն եկել է, որ ընտանիքի մի անդամի թոշակը գերազանցում է ամսական նվազագույն զամբյուղի չափը: Իսկ ընդամենը գերազանցումը կազմում է 2400 դրամ: Այսինքն՝ ես ստանում եմ 49 հազար դրամ, ինչը 2400 դրամով ավել է ու համարվում է, որ ես միջին խավ եմ ու իրավունք չունեմ նպաստ ստանալու»,- նշում է Ամալյա Հովհաննիսյանը:
Տան ամբողջ հոգսը 70-ամյա մոր՝ Ալվարդ Հարությունյանի ուսերին է: Մոտ 100 հազար դրամ բյուջեով բնակարանի վարձ, սնունդ, կոմունալներ ու առողջական բազմաթիվ ծախսեր:
Զրկվելով նպաստառուի կարգավիճակից 41-ամյա Ամալյան այլևս չի կարող օգտվել նաև առողջապահական արտոնությունից: Համավճարները քամում են վերջին խնայողությունները:
Առաջիկա վիրահատության դեռևս անհայտ արժեքն ու արդեն վճարված տասնյակ հազարներն անորոշության նոր դռներ են բացում:
Ամալյան անգամ սայլակին պարապ չի նստում. անցած ընտրություններին դիտորդ է եղել: Այսօր էլ գրքերով ու ձեռագործով է լցնում օրը, բայց միայն այսքանը երբեմնի ակտիվ երիտասարդին հերիք չէ, իսկ օնլայն համակարգի չոր թվաբանության մեջ իր հարցերի պատասխանը չի գտնում.
Ամալյայի խոսքով.- «Իրենք սրանով ոչ մի հարցի լուծում չեն տվել: Եթե մարդկանց կյանքը բարելավվեին... իմ դեպքում, օրինակ, գոնե կարող էին չէ, աշխատատեղ, սովորելու կամ ուրիշ ձև լիներ օգնելու»:
Թղթաբանությունը վերացնելու հետ մարդկային շփումն է վերացել նպաստի համակարգում: Պատասխանատուներն ասում են՝ կոռուպցիայի ռիսկերն են նվազեցրել: Վանաձորցի Ամալյան թե նոր համակարգը էկրանի հետևում չի կարող նկատել, ինչպես է չգազաֆիկացված տանը անգամ ամռան շոգին ամուր փակում միակ սենյակի դուռը, որ վանաձորյան սառը քամին միջանցքից անշարժացած ոտքերին չհասնի.
«Տուն գան էլի, տեսնեն էդ տանը մարդիկ ի՞նչ կյանքով են ապրում, ի՞նչ վիճակով են ապրում»,- շեշտում է Ամալյան:
Տարիներ առաջ Ամալյայի ողնաշարի հիվանդության ախտորոշման համար ընտանիքը վաճառել է իր միակ տունը, կորցրել թե՛ սեփականությունը, թե՛ աղջկա առողջությունը: Այսօր նոր թվաբանության հետևանքով ընտանիքը զրկվել է նաև օդ ու ջրի պես անհրաժեշտ ամսական 20 հազար դրամից.- «Մարդուն օգնելու տեղն ավելի շատ անդունդն են գցում»...: