Սահմանադրության նախագիծը կհրապարակվի երկուշաբթի. վարչապետը 6 ձայն է ակնկալում ընդդիմությունից

Երկուշաբթի՝ նոյեմբերի 23-ին, արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը: Այս մասին խորհրդարանում պետական բյուջեի վերաբերյալ եզրափակիչ ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուղերձով կդիմի ժողովրդին:

«Այժմ առաջարկում եմ, որ ընդդիմությունը ապահովվի անհրաժեշտ վեց ձայնը, որ գնանք նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեի», - ասաց վարչապետը՝ դարձյալ վստահեցնելով՝ եթե ժողովուրդ դեմ քվեարկի նոր Սահմանադրությանը, մեկ շաբաթվա ընթացքում հրաժարական կտա:

Իսկ եթե ժողովուրդը կողմ կքվեարկի Սահմանադրությանը, հաջորդ ընտրություններում՝ լինի դա արտահերթ, թե հերթական, վստահեցրեց, որ չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու:

«Ոնց որ թե ընդդիմությունը չի ընդունում, բայց սա առաջարկը բաց եմ պահում»,- ասաց վարչապետը:

Ընդդիմադիրներն արդեն մերժել են այս առաջարկը՝ պնդելով, որ չեն հավատում վարչապետին: Բայց առանց ընդդիմադիրների 6 ձայնի Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» չի կարող խորհրդարանում հաստատել Սահմանադրության նախագիծը, քանի որ խորհրդարանական ընտրություններում չի ստացել դրա համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը:

Փաշինյանն ամբիոնից նաև իրեն չվստահելու մասին ընդդիմության հայտարարություններին անդրադարձավ:

«Ասում են չեն վստահում, ասում են՝ Սերժ Սարգսյանը ասեց, չարեց... բա դրա համար հեղափոխություն տեղի ունեցավ: Եթե ես պիտի ասեմ ու չանեմ, բա դրանից ավելի լա՞վ նվեր ձեզ: Բա հեղափոխական վիճակը բերում եմ ձեզ իմ ձեռքով մատուցում, դուք ասում եք՝ չէ, չէ, չէ՞», - հարցրեց Փաշինյանը:

(2015 թվականին սահմանադրական փոփոխություններ նախաձեռնած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել էր երրորդ անգամ չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում, սակայն չպահեց խոստումը՝ ինչը դարձավ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած հեղափոխության գլխավոր պատճառներից մեկը 2018 թվականին):

Ընդդիմադիրները չեն համոզվում

Այսօր ավելի վաղը ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ «Ուժեղ Հայաստանի» քարտուղարը վերահաստատել էր, որ չեն պատրաստվում աջակցել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն՝ անգամ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու խոստման դիմաց։

«Ժողովրդին հարցրել են հունիսի 7-ին, ժողովուրդն իր պատասխանը տվել է: Նիկոլ Փաշինյանին չի հաջողվել ստանալ սահմանադրական մեծամասնություն, իսկ ընդդիմությունը 80 տոկոսով իր ձայներն ավելացրել է», - ասել էր Տիգրան Աբրահամյանը:

Ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ևս վերահաստատել էր իրենց մերժումը՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարելով, որ չեն ուզում շարունակել «ստորացման ճանապարհը» և Իլհամ Ալիևի պահանջով փոխված Սահմանադրություն ունենալ:

«Սիրելի հայ ժողովուրդ, դու պիտի որոշես՝ ի վերջո նորմալ է, որ էսքան զրկանքներից հետո անցնես էլի ստորացման ճանապարհ, թե՝ չէ։ Դու պիտի որոշես՝ արդյոք նորմա՞լ է, որ Իլհամ Ալիևը իր ձեռքում ունենալով թուղթ, որտեղ գրված է, որ էդ թուղթը ավելի բարձր է, քան ՀՀ ու Ադրբեջանի սահմանադրությունը, մեկ է պահանջում է, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը, որովհետև էնտեղ ձրակերպում կա, որ հարևան պետության բռնապետի դուրը չի գալիս», - ասել էր Վարդանյանը՝ պնդելով, որ եթե այս ճանապահով գնա Հայաստանը, ու եթե Իլհամ Ալիևը տեսնի, որ «գործիքը աշխատում է, ինչու պիտի հրաժարվի այդ գործիքից»:


«Ադրբեջանի պրոքսի պետք չի Հայաստանը դարձնել», - ամփոփել էր Վարդանյանը:

​
XS
SM
MD
LG