Դատարանն այսօր սկսեց քննեց թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հայցն ընդդեմ Սպիտակի գործող համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի:
Ընտրական հանձնաժողովը դատարանից պահանջում է չեղարկել ՔՊ-ական թեկնածուի գրանցումը՝ թույլ տված խախտումներն առաջ քաշելով:
Անցած շաբաթավերջին էր հանձնաժողովը որոշել, որ համայնքապետը խախտել է ընտրական օրենքը թեկնածուների գրանցման վերջին օրը իր տեղակալին ու երեք վարչական ղեկավարների աշխատանքից հեռացնելով: Մասնավորապես, ըստ ընտրական մարմնի, գործող համայնքապետը հոգեբանական ճնշում է գործադրել և փորձել ընտրություններից առաջ անհավասար առավելություն ստանալ։
Քաջայր Նիկողոսյանը Սպիտակի համայնքապետն է 2021-ից: Նա պաշտոններից ազատել է իր այն ենթականներին, երբ հայտնի է դարձել, որ նրանք ընդգրկվել են իր մրցակից կուսակցության ընտրական ցուցակում: Նրա տեղակալն ու ավելի քան 10 բնակավայրերի ղեկավարներ միացել են ու «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով պայքարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակցի դեմ:
Մինչև ազատման հրամանները բոլոր վարչական ղեկավարները նաև էլեկտրոնային նամակով պահանջ էին ստացել արձակուրդ չգնալ այդ օրերին, թեև քարոզարշավին մասնակցելու այլ հնարավորություն չէին կարող ունենալ:
Այսօրվա դատական նիստում ընտրատարածքային հանձնաժողովի փոխնախագահ Շահեն Հարությունյանը պնդեց պահանջը՝ Քաջայր Նիկողոսյանին զրկել առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունքից՝ նշելով, որ պաշտոններից ազատելիս արդեն իսկ հայտնի էր Նիկողոսյանի ենթակաների՝ թեկնածու լինելու մասին, ուստի աշխատանքից ազատումները տեղի են ունեցել անհավասար մրցակցություն ստեղծելու միտումով:
Մինչդեռ համայնքապետի պաշտպանները պնդում էին, որ սա սովորական աշխատանքային վեճ է, ու Սպիտակի համայնքապետը տեղյակ չի էլ եղել, որ տեղակալն ու վարչական ղեկավարներն ընդգրկվել են այլ կուսակցության ցուցակում: Նիկողոսյանի փաստաբանը պնդում էր, որ այս անձինք հեռացվել են հայեցողական պաշտոններից, ինչը համայնքապետի լիազորությունների շրջանակում է:
Վարչական դատարանը որոշումը կհրապարակի աշխատանքային հինգ օրվա ընթացքում: Ընտրությունները նոյեմբերի 29-ին են: ՔՊ-ից ու «Բարոյական արժեքներից» բացի ընտրապայքարին մասնակցում է նաև կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը»: