Գրողներն ու իրավապաշտպանները կոչ են անում Իրանին մահապատժի չենթարկել բանաստեղծին

 Իրանցի գրող Փեյման Ֆարահավար
Իրանցի գրող Փեյման Ֆարահավար

«Փեյման Ֆարահավարի կյանքը լուրջ վտանգի տակ է». ԱՄՆ PEN America կազմակերպություն

Հայտնի գրողներն ու խոսքի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները կոչ են արել Իրանին չկատարել մահապատժի դատապարտված բանաստեղծի վճիռը։

Նորվեգիայում գործող «Իրան մարդու իրավունքներ» կազմակերպության փոխանցմամբ՝ 37-ամյա Փեյման Ֆարահավարին հայտնել են, որ իր մահապատժի հրամանն արդեն արձակվել է։ Նրա վեցերորդ բողոքը մահվան դատավճռի դեմ մերժվել է։

IHR-ի տվյալներով՝ Ֆարահավարին, որի ստեղծագործություններում անդրադարձ է եղել իր հայրենի՝ Իրանի հյուսիս-արևմուտքի բնապահպանական խնդիրներին, երբեմն նաև քննադատել է իշխանություններին, ձերբակալվել է 2024 թվականի օգոստոսին՝ Ռեշտ քաղաքում կրոնական ուսումնական հաստատությանը հասցված վնասի գործով։

2025 թվականին նա մահապատժի է դատապարտվել ապստամբության և Աստծո դեմ պատերազմելու մեղադրանքներով։

Ֆրանսիական «Լիբերասիոն» թերթը հրապարակել է 350 գրողների և կազմակերպությունների ստորագրած նամակը, որով միջազգային հանրությանն ու լրատվամիջոցներին կոչ է արվում «գործի դնել իրենց տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Իսլամական Հանրապետության իշխանություններին սթափեցնելու և ճնշում գործադրելու համար՝ Փեյման Ֆարահավարի մահապատիժն անհապաղ չեղարկելու նպատակով»։

Դրանում նշվում է, որ ձերբակալությունից ի վեր Ֆարահավարին բանտից դուրս գալու և իր փոքրիկ երեխային տեսնելու հնարավորություն չի ունեցել, իսկ դատավճիռը հիմնվել է հարկադրանքի տակ ստացված խոստովանությունների վրա։

«Փեյման Ֆարահավարի կյանքը լուրջ վտանգի տակ է», - հայտարարել է ԱՄՆ PEN America կազմակերպության՝ վտանգի տակ գտնվող գրողների ծրագրի տնօրեն Կարին Դոյչ Կարլեկարը։

«Իրանի կառավարությունը պատրաստվում է սպանել բանաստեղծին նրա ստեղծագործությունների համար։ Սա զազրելի է և ցույց է տալիս, թե որքան հեռու է պատրաստ գնալ կառավարությունը՝ այլախոհ ձայները լռեցնելու համար։ Նա պետք է ազատ արձակվի», - ասել է նա։

Կազմակերպությունը մեջբերել է նաև բանաստեղծի՝ բանտախցում գրած ստեղծագործությունից մի հատված, որտեղ նա գրում է, որ «բռնակալ հրամանների դեմ պատերազմի ճանապարհով» գնացողները «ազատության կախաղանի վրա իրենց վերջին շունչը կփչեն»։

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ վերջին ամիսներին Իրանը ավելացրել է քաղաքական դրդապատճառներով իրականացվող մահապատիժների թիվը՝ փորձելով վախ սերմանել բնակչության շրջանում հունվարյան բողոքի ցույցերից և ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ պատերազմից հետո։

​
XS
SM
MD
LG