Հայաստանը հրավիրվել է մասնակցելու դեկտեմբերի 14-15-ին ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։ Այս մասին տեղեկանում ենք G20-ի պաշտոնական կայքից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց, որ մասնակցելու է G20-ի գագաթնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառումներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը ևս հրավիրվել է գագաթնաժողովին՝ որպես հյուր երկիր։
G20-ը՝ «Մեծ քսանյակը», միջազգային հարթակ է, որը միավորում է աշխարհի խոշոր զարգացած և զարգացող տնտեսությունները։ Դրա մշտական անդամներն են 19 պետությունները, Եվրոպական միությունն ու Աֆրիկյան միությունը։
G20-ը ստեղծվել է 1999 թվականին՝ ի պատասխան 1990-ականների վերջին տեղի ունեցած ֆինանսական ճգնաժամերի։ Դրա հիմնական նպատակն է միջազգային ֆինանսական կայունության ամրապնդումը։ Հարթակի օրակարգում են համաշխարհային ֆինանսական կայունությունը, միջազգային տնտեսական համագործակցությունը, առևտուրն ու ներդրումները։