Շենժենում այսօր կանցկացվի Պուտին-Թրամփ-Ծինփին հանդիպում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում են միմյանց, 17-ը նոյեմբերի, 2026թ. Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, Շենժեն, Չինաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջունում են միմյանց, 17-ը նոյեմբերի, 2026թ. Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում, Շենժեն, Չինաստան

Չինաստանի Շենժեն քաղաքի «Ցիլին Շանժուան» պետական հյուրատանն այսօր տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինի հանդիպումը:

Ինչ հարցեր են քննարկվելու

Պետությունների ղեկավարները, ինչպես սպասվում է, կքննարկեն հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ համագործակցությունը և դրա ազդեցությունը միջազգային իրավիճակի վրա:

Ինչպես նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, բանակցությունների ընթացքում, հավանաբար, չի քննարկվի ուկրաինական հարցը:

Վաշինգտոնի փոխանցմամբ՝ առաջնորդները կքննարկեն Իրանի շուրջ պատերազմը և միջուկային զինաթափումը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև միջուկային սպառազինությունների սահմանափակման մասին երկկողմ պայմանագրի գործողության ժամկետը լրացել է փետրվարին։

Պեկինը երկար ժամանակ պնդում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախ պետք է կրճատեն իրենց միջուկային հսկայական զինանոցները, և դրանից հետո միայն Չինաստանը պատրաստ կլինի քննարկել սեփական՝ համեմատաբար փոքր զինանոցի հարցը։

Ինչ սպասել հանդիպումից

Այս հանդիպումը մտահոգություններ է առաջացրել, որ երեք առաջնորդները կարող են որոշումներ կայացնել Ուկրաինայի ապագայի վերաբերյալ՝ առանց Կիևի և եվրոպական երկրների մասնակցության, ինչպես նաև փորձել աշխարհը բաժանել ազդեցության գոտիների։

Վաշինգտոնը նախապես ազդարարել էր, որ Ուկրաինայի հարցը, որը Սի Ծինփինը կտրականապես համարում է, որ Չինաստանի խնդիրը չէ, չի ընդգրկվի օրակարգում։ Սակայն ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ այն կքննարկվի։

Շենժենի պատմական հանդիպումը շատերը համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին ամիսներին կայացած Յալթայի համաժողովի հետ, որի ժամանակ էլ որոշվեց Եվրոպայի ճակատագիրը։

Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ այս հանդիպումն էապես կտարբերվի դրանից: Վիրջինիայի CNA Corporation-ի փորձագետ Էլիզաբեթ Վիշնիկի կարծիքով՝ նույնիսկ եթե առաջնորդները ցանկանային նման որոշումներ կայացնելու իշխանություն ունենալ, նրանք չէին կարող դրանք կյանքի կոչել, քանզի աշխարհը շատ է փոխվել:

«Այսօր բավական շատ անկախ գործիչներ մեծ տերություններին խոչընդոտելու կարողություն ունեն: Տեսեք, թե ինչ է կատարվում Պարսից ծոցում»,- ասել է փորձագետը:

Ավստրալական Lowy Institute-ի գիտաշխատող Բոբո Լոուի կարծիքով՝ Չինաստանը փորձում է իրեն դիրքավորել որպես Գլոբալ Հարավի առաջնորդ։ Ըստ նրա՝ տեսակետը, որ գլոբալ կառավարման հարցում կարևոր որոշումները կայացնում են այս երեք առաջնորդները, հակասում է Պեկինի նարատիվին: «Չինացիները չափազանց զգուշավոր են այդ գաղափարի նկատմամբ»,- «Ազատությանն» ասել է նա:

Հուդզոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Ցիպորա Ֆրիդն էլ կարծում է, որ այսօրվա հանդիպումից ամենաշատը կշահի Պուտինը, նույնիսկ եթե շոշափելի արդյունք չգրանցվի: Ըստ վերլուծաբանի՝ սա Պուտինին կօգնի վերականգնել իր միջազգային հեղինակությունը և դուրս գալ մեկուսացումից։ «Նա կկարողանա Ռուսաստանը ներկայացնել որպես մեծ տերություն, որը բանակցում է Ուկրաինայի ապագայի շուրջ՝ առանց մտահոգվելու մարտի դաշտում պարտության մասին», - ասել է նա։

​
XS
SM
MD
LG