Հայաստանի կառավարությունն ավելի քան 490 մլն դրամ կուղղի մայրաքաղաք Երևանի կոյուղատար ու հեղեղատար համակարգերի հիմնանորոգման ու կառուցման համար․ հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։
Մինչ այդ կառավարությունը Երևանի կոյուղատար ու հեղեղատար համակարգերի համար հատկացրել էր 546 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, այս նպատակով պետբյուջեից Երևանին հատկացված միջոցները գերազանցում են 1 մլրդ դրամը։
Այս միջոցներով Երևանի քաղաքապետարանը հիմնանորոգում է 24 կոյուղատար, կառուցում 4 կոյուղատար ու հեղեղատար համակարգեր։
«Տարածքների մի մասում էլ կոյուղատար համակարգը բացակայում է կամ գտնվում է վատթար վիճակում, խողովակները մասամբ քայքայված և/կամ խցանված են, դիտահորերը վնասված են, առկա են համակարգային անսարքություններ։ Արդյունքում՝ ամիսը մի քանի անգամ տեղի են ունենում խցանումներ, կեղտաջրերը ողողում են փողոցները, բակերը և հարակից տարածքները՝ առաջացնելով հակասանիտարական իրավիճակ և մեծացնելով վարակների տարածման վտանգը»,- 490 մլն դրամի հատկացումը հիմնավորել են կառավարությունից։
490 մլն դրամ կառավարությունից՝ Երևանի կոյուղատար ու հեղեղատար համակարգին