Ազգային ժողովում այսօր մթնոլորտը դարձյալ լարվեց Ամենայն հայոց կաթողիկոսի հասցեին իշխանական պատգամավորների հայտարարություններից հետո։ Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հարվածեցին սեղաններին, իսկ ավելի ուշ՝ լքեցին նիստերի դահլիճը։
Ամեն ինչ սկսվեց, երբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը, քննադատելով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության՝ ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ հայտարարության նախագիծը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին անվանեց «Կտրիճ Ներսիսյան»։
Ընդդիմադիրները ի նշան բողոքի սկսեցին հարվածել սեղաններին։ Այդ պահին միջամտեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հայտարարելով, որ դեմ է որևէ պատգամավորի՝ ոչ վիրավորական արտահայտություններ օգտագործելու իրավունքի սահմանափակմանը։
«Ես դեմ եմ, որ որևէ պատգամավոր կաշկանդվի որևէ ոչ վիրավորական արտահայտություն արտաբերելուց», - ասաց Ռուբինյանը ու սկսեց թվարկել կաթողիկոսի հասցեին մեղադրանքները. - «Կտրիճ Ներսիսյան, ԿԳԲ գործակալի եղբայր, կուսակրոնության ուխտը խախտած, կոռուպցիոներների պաշտպան, հազարամյա հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյան»:
Ռուբինյանի խոսքերի ընթացքում ընդդիմադիրները շարունակում էին հարվածել սեղաններին, մինչդեռ իշխանական պատգամավորները ծափահարում էին նրան։
Լարվածությունը շարունակվեց, երբ Հասմիկ Հակոբյանն անդրադարձավ օրերս «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացած ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանին։
«Ամենաստոր ձևով շահարկել եք մահացած գործընկերոջ անունը և քաղաքական մանրադրամ դարձրել նրա մահը», - ընդդիմադիրներին մեղադրեց ՔՊ-ական պատգամավորը։
Հենց այս խոսքերի ընթացքում ընդդիմադիր պատգամավորները սկսեցին լքել նիստերի դահլիճը։
ՔՊ-ական պատգամավորներին, ի դեպ, նույն րոպեներին դրսից միացավ Անվտանգության խորհրդի քարտուղար, Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Կտրիճ Ներսիսյանը ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է: Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյան», - սոցցանցում գրեց պաշտոնյան:
Խորհրդարանում այսօրվա բանավեճը ծավալվում էր «Հայաստան» խմբակցության հեղինակած՝ Հայաստանում ժողովրդավարության հետընթացի, քաղաքական հետապնդումների և դրանց ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ հայտարարության նախագծի քննարկման ժամանակ։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» դեմ քվեարկեց նախագծին, և արդյունքում այն չընդգրկվեց Ազգային ժողովի նիստերի օրակարգում։