Մոսկվայում չեն բացառում Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը. Փհենյան, 2024 թ
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Կիմ Չեն Ընը. Փհենյան, 2024 թ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն չի բացառել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի այցը Ռուսաստան։

«Այդ հարցը մշտապես օրակարգում է», - Մոսկվայում լրագրողներին ասել է Ռուդենկոն։

Մոսկվան և Փհենյանը հատկապես 2022 թվականից հետո ակտիվացրել են համագործակցությունը։

2024 թվականի հունիսին Վլադիմիր Պուտինի՝ Փհենյան կատարած այցի ընթացքում երկու երկրները ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագիր, որը նախատեսում է նաև փոխադարձ ռազմական օգնություն։

Հյուսիսային Կորեան Ռուսաստանին տրամադրել է զինամթերք և զինվորականներ՝ Ուկրաինայի դեմ պատերազմում աջակցելու համար։ Կիմ Չեն Ընն իր հերթին բազմիցս հայտարարել է Մոսկվային աջակցությունը շարունակելու պատրաստակամության մասին։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, 2025թ-ին էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։


​
XS
SM
MD
LG