ԱՄՆ-ում օդային երթևեկության կառավարման համակարգում կապի խափանումը ուրբաթ օրը հանգեցրել է երկրի ողջ տարածքում օդանավերի մեկնումների դադարեցման։ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) սահմանած արգելքը գործել է ավելի քան չորս ժամ՝ խաթարելով օդային հաղորդակցությունը և կրկին հարցեր բարձրացնելով ամերիկյան օդային երթևեկության կառավարման հնացած համակարգի հուսալիության վերաբերյալ։
ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆիի խոսքով՝ խափանումը կապված էր օդային երթուղիների կառավարման բոլոր կենտրոնների վրա ազդած կապի խնդրի հետ։
FAA-ն չորս ժամից ավելի անց վերացրել է թռիչքների մեկնումների արգելքը։ Սակայն Դաֆին նախազգուշացրել է, որ օդային երթևեկության բնականոն աշխատանքը լիարժեք վերականգնելու համար ժամանակ կպահանջվի։
Ավիացիոն վերլուծությունների Cirium ընկերության տվյալներով՝ խափանումից կարճ ժամանակ անց՝ ԱՄՆ արևելյան ժամանակով ժամը 16:00-ից հետո, երկրի օդանավակայաններից նախատեսված էր ավելի քան 11 հազար չվերթ, որոնցով պետք է մեկնեին շուրջ 1.5 միլիոն ուղևորներ։
Միջադեպը տեղի է ունեցել այն նույն օրը, երբ Սպիտակ տունն ու Տրանսպորտի նախարարությունը Կոնգրեսին դիմել են՝ օդանավակայանների և օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացման համար լրացուցիչ 30.1 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այդ գումարից 10.1 միլիարդ դոլարը նախատեսվում է ուղղել հենց օդային երթևեկության կառավարման համակարգի արդիականացմանը։