Թուրք պաշտոնյաները ծանոթացել են Կարս-Գյումրի երկաթուղու շինաշխատանքներին

Թուրքիայի Կարս նահանգի պաշտոնյաները հետևում են Կարս - Գյումրի երկաթուղու վերանորոգման աշխատանքներին, 13-ը նոյեմբերի, 2026 թ.
Թուրքիայի Կարս նահանգի պաշտոնյաները հետևում են Կարս - Գյումրի երկաթուղու վերանորոգման աշխատանքներին, 13-ը նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիայի Կարս նահանգի պաշտոնյաներն այցելել են հայ - թուրքական սահման՝ տեղում ծանոթանալու երկաթուղու շինաշխատանքներին:

Թուրքական Iha.com կայքի փոխանցմամբ՝ Կարսի Աքյաքա շրջանի նահանգապետ Իսմայիլ Դեմիրթաշը և Կարսի նահանգային գլխավոր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանը շինարարական ընկերության ներկայացուցչից տեղեկություններ են ստացել երկաթգծի շինարարության և նախագծի ընթացքի մասին:

«Դեմիրթաշը տեղում ուսումնասիրել է ընթացող աշխատանքները և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ», - հայտնում է թուրքական լրատվամիջոցը, ըստ որի՝ Կարս - Գյումրի երկաթգծի վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները:

Ակնկալվում է, որ երկաթգծի գործարկումը զգալի դրական ազդեցություն կունենա Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտի զարգացման վրա:

Օրերս Թուրքիայի տրանսպորտի նախարարն «Ազատությանն» ասել էր, որ հայ - թուրքական սահմանի բացումը շատ երկար չի ձգվի, երբ Հայաստանն ու Ադրբեջանը լիարժեք համաձայնության գան: Աբդուլքադիր Ուրալօղլուն շեշտել էր, որ թուրքական կողմը կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ ինչպես Կարս - Գյումրի երկաթուղու, այնպես էլ Ալիջանի ցամաքային սահմանի բացման ուղղությամբ:

Երևանն իր հերթին միջազգային մրցույթ էր հայտարարել Գյումրի - Կարս երկաթուղու հիմանորգման համար: Երկու կազմակերպություն էր մասնակցել՝ ուզբեկական և ղազախական: Ուզբեկական ընկերությունն առաջարկել էր 1․9 մլն դոլար, ղազախականը՝ շուրջ 3․5 մլն դոլար, բայց կազմակերպություններից ոչ մեկը հաղթող չէր ճանաչվել, քանի որ հայտերը չէին համապատասխանել սահմանաված չափորոշիչներին: Տարածքային կառավարման նախարարությունը հայտնել էր, որ նոր մրցույթ կհայտարարի:

Երևանն ու Անկարան 44-օրյա պատերազմից հետո հարաբերությունների կարգավորման նոր փուլ են սկսել, պայմանավորվել են սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների առաջ, սակայն Թուրքիան դեռ չի բացում ավելի քան 3 տասնամյակ փակ սահմանը՝ դա մշտապես պայմանավորելով հայ- ադրբեջանական կարգավորմամբ: Երևանն ու Բաքուն անցած տարի նախաստորագրել, բայց դեռ չեն ստորագրել խաղաղության պայմանագիրը:


​
XS
SM
MD
LG