Սպիտակի մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց մրցույթների արձագանքները հասել են մինչև վարչապետի աշխատակազմ և վերահսկիչ մարմիններ:
Շիրակամուտի մանկապարտեզի նախկին տնօրեն Մարինե Գալստյանն, ունենալով տնօրենի հավաստագիր, մասնակցել է չորս մանկապարտեզների ղեկավարի մրցույթներին, բոլորում էլ ճանաչվել հաղթող, սակայն Սպիտակի քաղաքապետ Քաջայր Նիկողոսյանը նրան որևէ պաշտոն չի վստահել: Բոլոր դեպքերում նախապատվությունը տրվել է հավասար միավորներ հավաքած մրցակիցներին: Գալստյանն այստեղ միտում ու կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:
Մարինե Գալստյանը 2024-ին ազատվել էր Շիրակամուտի մանկապարտեզի տնօրենի պաշտոնից: Նա պնդում էր, որ համայնքապետի անձնական հակակրանքի զոհն է դարձել իր ուղղախոսության պատճառով:
Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ազգանուշ Ֆրանգյանը հակադարձում էր, թե ազատման պատճառը աշխատանքային թերացումներն են եղել՝ ծնողների բողոքները, նկատողությունները, ինչպես նաև ֆինանսական չարաշահումները: Ըստ նրա՝ Գալստյանը երեխաների հացը գնել է ամուսնու սեփական փռից, իսկ կարտոֆիլը ձեռք բերել եռակի թանկ գնով՝ Սպիտակի փոխարեն 80 կիլոմետր հեռու գտնվող Ախթալայից:
Սակայն Գալստյանի ազատման հրամանում քաղաքապետարանն այս մեղադրանքներին հղում չէր արել: Նրան պաշտոնից ազատելու հիմքը տնօրենի հավաստագրի բացակայությունն էր: Մեկ տարի անց՝ 2025-ին, Մարինե Գալստյանն ստանալով անհրաժեշտ հավաստագիրը, մասնակցել է երեք մրցույթի, հաղթել, միևնույնն է՝ անգործ է մնացել:
Տանուլ տված մրցույթներից հետո Գալստյանը դիմել է Կրթության տեսչական մարմին՝ բարձրաձայնելով համակարգային անօրինականությունների մասին: Նա պնդել է, թե պաշտոնները հաճախ զբաղեցվում են առանց հավաստագրի կամ մրցութային ընթացակարգերի, իսկ հավաստագրված թեկնածուներին մերժում են՝ հօգուտ նախապես ընտրված մարդկանց, որոնք հաճախ փոխկապակցված են ազգակցական կամ անձնական կապերով:
Համայնքապետարանից տեսչականին վստահեցրել են, թե մրցույթներն անցկացվել են բացարձակ օբյեկտիվ, իսկ նույն ազգանունով տնօրենը համայնքապետի հետ ոչ մի արյունակցական կապ չունի: Համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը մասնավորապես պատասխանել է. «Ես ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացված մրցույթների մրցութային հանձնաժողովների կազմում ընդգրկված չեմ եղել, չեմ մասնակցել մրցույթին, չեմ լսել մասնակիցների պատասխանները, հետևաբար որևէ մասնակցի «կողմ» կամ «դեմ» քվեարկելու հանձնաժողովի գաղտնի քվեարկությանը չեմ մասնակցել, հանձնաժողովի որևէ անդամի ոչինչ չեմ հրահանգավորել»։
Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել
Մինչդեռ տեսչական մարմնի հարուցած վարույթը լուրջ խախտումներ է բացահայտել: Մասնավորապես, որ Սպիտակ համայնքի ղեկավարը Շենավանի, Ծաղկաբերի և Շիրակամուտի մանկապարտեզներում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարներ է նշանակել անձանց, որոնք օրենքով չէին կարող նշանակվել այդ պաշտոնում: Որոշ դեպքերում անգամ տնօրենի հավաստագիր չեն ունեցել, ինչի հիմքով էլ երկու տարի առաջ ազատվել էր Մարինե Գալստյանը:
Ըստ վարույթի նյութերի՝ չհամապատասխանող թեկնածուներին պաշտոնում պահելու համար կիրառվել են հստակ մեխանիզմներ: Ծաղկաբերում անհրաժեշտ ստաժ և հավաստագիր չունեցող աշխատակցին պարբերաբար ազատել ու նորից են նշանակել պաշտոնակատար: Կաթնաջուրում կիրառվել է վարչական և հաշվապահական պաշտոնների համատեղման հնարքը՝ ազատումն «անհնար» դարձնելու համար, իսկ Շենավանում տարիներով հայտարարվել են չկայացած մրցույթներ՝ պաշտոնավարման ժամկետներն արհեստականորեն երկարաձգելու նպատակով:
Տեսչական մարմինը համայնքապետին հանձնարարել է վերացնել խախտումները, իսկ նյութերն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե: Սակայն իրավապահ մարմինը ամիսներ անց դեռ ստուգողական գործողությունների փուլում է՝ ոչ վարույթ է հարուցել, ոչ էլ վարույթ չընդունելու մասին որոշում կայացրել:
Եվս մեկ բողոք, որը հասել էր վարչապետին
Հակակոռուպցիոնը քրեական վարույթ չի հարուցել նաև մեկ այլ թեկնածուի՝ Գոհար Վարդանյանի բողոքով, որը ևս հասել էր վարչապետին:
Վարդանյանի նամակը մեկ ամիս առաջ «Ֆակտոր TV»-ի տրամադրության տակ էր հայտնվել, որտեղ նշված էր, որ Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի մրցույթում Վարդանյանը ճիշտ էր պատասխանել բոլոր 5 հարցերին, իսկ մյուս մասնակիցը՝ 3-ին:
Վարդանյանի պնդմամբ՝ համայնքապետն իրեն խոստովանել է, որ ունի բացառիկ առավելություն, բայց չի կարող նշանակել տնօրենի պաշտոնում, քանի որ՝ մեջբերեմ «Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն ու ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը իրեն հանձնարարել են ընտրել մյուս թեկնածուին»: Ըստ պնդումների, դա էր օգնել քաղաքապետին առաջիկա ՏԻՄ ընտրություններում ստանալ «Քաղաքացիական պայմանագրի» աջակցությունը:
Պաշտոնյաները կտրուկ հերքել էին այս պնդումները, իսկ Քննչական կոմիտեն քրեական վարույթ չի հարուցել՝ հայտնելով, թե վարչապետի աշխատակազմից որևէ հաղորդում չի ստացել:
Սպիտակում նոյեմբերի 29-ին կայանալիք ընտրություններին իշխող կուսակցության ցուցակում ընդգրկված են քաղաքապետարանի ենթակայության հիմնարկների տնօրեններ, այդ թվում՝ վիճահարույց մանկապարտեզների նորանշանակ ղեկավարներից առնվազն 5-ը: Ակտիվ քարոզարշավի արանքներում համայնքի ղեկավարը հերթական անգամ հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին:
Փաստորեն, տարիներով պաշտոնակատար աշխատած անձինք ընտրություններից առաջ ստացել են համայնքի ղեկավարի բարեհաճությունը, իսկ իր բողոքները մինչև վարչապետի աշխատակազմ հասցրած Մարինե Գալստյանը դարձյալ մնացել է խաղից դուրս:
Գալստյանը դիմել է նաև Աշխատանքի տեսչական մարմին՝ հարցեր բարձրացրել՝ ինչպե՞ս է լինում, որ առանց հավաստագրերի, օրենսդրության խախտմամբ ընդունվում են աշխատանքի որպես պաշտոնակատար ու տարիներով տնօրենի պաշտոն զբաղեցնում, ինչպե՞ս է լինում, որ նշանակված պաշտոնակատարները տնօրենի պարտականությունները համատեղում են, ասենք, դպրոցի ուսուցչի աշխատանքի հետ: Տեսչականից դիմումը վերահասցեագրել են համայնքի ղեկավարին, ումից իրականում բողոքում է Գալստյանը: Նշել են, որ հարցը ամենևին իրենց իրավասության տիրույթում չէ: