Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասը ռազմավարական կարևորություն ունի Եվրամիության համար. Գրոնո

Հարավային Կովկասի նշանակությունը Եվրամիության համար անառարկելի է, իսկ տարածաշրջանի շուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներն ավելի են ընդգծում դրա կարևորությունը, հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Երևանում անցկացված Հարավային Կովկասի տարածաշրջանային երկխոսության երրորդ ֆորումում եվրոպացի դիվանագետն ընդգծել է, որ Բրյուսելը մտադիր է խորացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Գրոնոն նշել է, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո երկու երկրների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու հակամարտության ծանր ժառանգությունը և զարգացնելու տարածաշրջանային համագործակցությունը։

Նրա խոսքով՝ թեև խաղաղության գործընթացն ընթանում է Երևանի և Բաքվի միջև, Եվրամիությունը պատրաստ է աջակցել գործնական նախաձեռնություններին՝ սահմանազատումից մինչև առևտրի և տրանսպորտային կապերի զարգացում։

«Տրանսպորտային կապերը Եվրամիության համար ռազմավարական կարևոր առաջնահերթություն են։ Սակայն պակաս կարևոր չէ նաև հասարակությունների հետ աշխատանքը, որպեսզի մարդիկ իրենց զգան ամուր, արդար և հարատև խաղաղության մասնակից», - ասել է Գրոնոն։

ԵՄ հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ խաղաղության գործընթացները չպետք է սահմանափակվեն քաղաքական վերնախավերով, դրանցում պետք է ներգրավված լինեն նաև հասարակությունները։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG