Մատչելիության հղումներ

44-օրյա պատերազմը կանգնեցրած հայտարարությունից 6 տարի անց

Համառոտ

  • 6 տարի առաջ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա, որն ավարտվեց նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությամբ:
  • 44-օրյա պատերազմն ավարտվեց հայկական կողմի ծանր պարտությամբ:
  • 3 տարի անց Ադրբեջանը լիակատար վերահսկողություն հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջովին հայաթափելով տարածաշրջանը:

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարին, որով ավարտվեց 44-օրյա պատերազմը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի ստորագրած փաստաթղթով սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը կանգ առավ զորքերի զբաղեցրած դիրքերում։ Հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջանները, իսկ Ղարաբաղում տեղակայվեցին ռուս խաղաղապահներ։

Իսկ ինչ իրադարձություններ էին նախորդել 44-օրյա պատերազմին. դիտեք այստեղ.

Ինը կետից բաղկացած հայտարարության մի շարք դրույթներ, սակայն, այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Մասնավորապես, չիրականացան տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և ռազմագերիների ու այլ պահվող անձանց փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունները։

Վերջին պաշտոնական տվյալներով՝ պատերազմում հայկական կողմից զոհվել է 3833 անձ, որոնցից 3755-ը՝ զինծառայողներ, 78-ը քաղաքացիական անձինք: Վեց տարի անց անհայտ է 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Եռակողմ հայտարարությունից գրեթե երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում իրականացրեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով տարածաշրջանը։ Ավելի քան 100 հազար հայեր հարկադրված լքեցին իրենց տները, իսկ Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները գերեվարվեցին և տեղափոխվեցին Բաքու։

2024 թվականի հունիսին՝ նախատեսված ժամկետից շուրջ մեկուկես տարի շուտ, ռուս խաղաղապահներն ամբողջությամբ դուրս եկան արդեն հայաթափված Լեռնային Ղարաբաղից։

Արդեն 2025 թվականի օգոստոսի 8-ին Երևանն ու Բաքուն Վաշինգտոնում կրկին նստեցին ընդհանուր սեղանի շուրջ և նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, որը, սակայն, մինչ օրս չի ստորագրվել։ Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման առաջ քաշել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը՝ պնդելով, թե դրանում տարածքային պահանջներ կան:

Խաղաղության պայմանագրում չներառվեց հայ գերիների հարցը: Այժմ 19 հայ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ծանր ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Նրանցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն են, այդ թվում՝ 3 նախկին նախագահները:

Հայաստանի իշխանությունները՝ պատերազմի մեկնարկի և ավարտի օրերին՝ սեպտեմբերի 27-ին ու նոյեմբերի 9-ին ուղերձներ չեն հղում, Եռաբլուր չեն այցելում: Վարչապետ Փաշինյանը վերջին անգամ նոյեմբերի 9-ին Եռաբլուր այցելել է 5 տարի առաջ՝ 2021 թվականին: Այս տարեսկզբին ընդունված նոր օրենքով՝ հունվարի 27-ն է սահմանվել «հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG