Մատչելիության հղումներ

Եվրոպական մի շարք հեռուստաընկերություններ ռումբերի մասին սպառնալիքներ են ստացել

Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի և Բուլղարիայի մի շարք հեռուստաընկերություններ ռումբերի տեղադրման մասին սպառնալիքներ են ստացել, ինչի հետևանքով աշխատակիցները տարհանվել են, իսկ որոշ հեռուստաալիքներ ժամանակավորապես դադարեցրել են հեռարձակումը։

Reuters-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 6-ին էլեկտրոնային փոստով սպառնալիքներ են ստացել, մասնավորապես, իռլանդական RTE հեռուստառադիոընկերությունը, բրիտանական Sky-ը և բուլղարական Nova հեռուստաալիքը։ Ստուգումների արդյունքում որևէ շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։

RTE-ի եթերում հեռուստահաղորդումները փոխարինվել են երաժշտությամբ և նախապես ձայնագրված հայտարարությամբ։ Որոշ դեպքերում հեռարձակման ընդհատումը տևել է մինչև երեք ժամ։

Reuters-ի փոխանցմամբ՝ RTE-ին և Nova-ին ուղարկված նամակներում նշվել է, թե շենքերում պայթուցիկ սարքեր են տեղադրված, որոնք գործարկվելու են 45 րոպեից։ Նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով։

Առայժմ հայտնի չէ՝ ովքեր են կանգնած սպառնալիքների հետևում։

Միջադեպերը տեղի են ունեցել Եվրոպայում ավիաչվերթների վերաբերյալ նմանատիպ կեղծ ահազանգերից մեկ օր անց։ Նոյեմբերի 5-ին առնվազն 19 չվերթի մասին ռումբերի տեղադրման հաղորդումներ էին ստացվել, սակայն որևէ ինքնաթիռում պայթուցիկ չէր հայտնաբերվել։

Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը հայտարարել է, որ եվրոպական հատուկ ծառայությունները դեռ չեն պարզել՝ արդյոք հեռուստաընկերություններին և ավիաընկերություններին ուղղված սպառնալիքները համակարգված գործողության մաս են։

Նրա խոսքով՝ նման գործողություններով հնարավոր է խաթարել հասարակության բնականոն կյանքը, քաոս առաջացնել և վախ ու անհանգստություն տարածել։

​
XS
SM
MD
LG