9 մարդու կյանք խլած ողբերգության վայրում այդպես էլ տեղ չհասած մարդկանց իրերն են ցաքուցրիվ՝ զինվորական պայուսակ, իբրև թե հաջողություն բերող 5 դոլարանոց:
Երեկ երեկոյան Ուշիի ոլորաններում, ըստ Ներքին գործերի նախարարության նախնական գնահատականի, կցորդիչով բեռնատարի արգելակները խափանվել են:
Ասֆալտի վրա բեռնատարի անիվների հետագիծը դեռ թարմ է, երևում է՝ վերևից իջնող բեռնատարը, որ պիտի ոլորան մտներ ուղիղ, իջել է՝ բախվելով «Jeep Compass» ու «Chevrolet Volt» մեքենաներին, իսկ «Օփել Զաֆիրա»-ին բեռնատարն իր հետ քշել է ցած՝ ճանապարհից դուրս:
9 զոհ, ու միայն երեք հոգի է փրկվել ճանապարհային այս աղետից:
3 փրկվածներն էլ երիտասարդ տղամարդիկ են, նրանցից մեկը՝ հենց բեռնատարի վարորդը, որ հայ է, բայց՝ Ռուսաստանի քաղաքացի, ի դեպ, բեռնատարն էլ ռուսական համարներով էր և բեռնված եգիպտացորենով:
Թե՛ վարորդի, թե՛ մյուս երկու տուժածների վիճակը այս պահին էլ գնահատվում է ծանր:
Տուժածները գիտակցություն ունեն, կայուն վիճակում են, տեղեկացրեց «Արմենիա» բուժկենտրոնի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Ազատության» տեղեկությամբ՝ «Օպել Զաֆիրա»-ն, որ ուղղակի մետաղե գնդի է վերածվել, տաքսի ծառայություն էր մատուցում, բոլոր ուղևորները մահացել են: «Jeep Compass»-ում զինվորական էր կնոջ ու որդու հետ՝ մահացել են, փրկվածները «Chevrolet Volt»-ի երկու ուղևորներն են ու բեռնատարի վարորդը: Բեռնատարը նաև հոսանքի սյունն է տապալել ու ճամփեզրի տնակը, որտեղ խնձոր էին վաճառում:
Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր մայրուղու մի հատվածն է Ուշիի այս ճանապարհը, կտրուկ վայրէջք է, հետո ոլորան, այստեղ զգուշացումներով մի շարք ցուցանակներ կան, բայց ոչ մի օգուտ: Այս հատվածը հանրապետության վտանգավորներից է, բայց ճանապարհը ոչ լուսավորվում է, ոչ էլ արագաչափ կա:
Ո՞վ է պատասխանատու վթարների համար
«Մի օրում Հայաստանի 9 քաղաքացի է մահանում, ոլորտի նախարարը չի կարող այլևս հաջորդ օրը պաշտոնավարի, բայց այս կառավարությունում սովորական է: Կարա Ազատ գյուղի կացարանում 15 զինծառայող մահանա, նախարարը շարունակի պաշտոնավարել», - ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն արձագանքեց. «Առաջարկում եմ՝ որևէ մի օր, որևէ մի տեղում եթե պատգամավորների ընդունած օրենքները հանկարծ չկիրառվի կամ չիրականացվի, հրաժարական տան»:
Խորհրդարանում բյուջեի քննարկմանը մասնակցող Ներքին գործերի նախարարից ընդդիմադիրները պարզաբանում էին պահանջում՝ ո՞վ է պատասխան տալու ճանապարհային ողբերգությունների համար, որ տեխզննումը պատշաճ արվի, ճանապարհները կահավորված լինեն:
Նախարար Արփինե Սարգսյանի պարզաբանմամբ՝ իրենց գործառույթը չէ ոչ կահավորումը, ոչ էլ, օրինակ, տեխզննումը:
«Բայց վերահսկողն եք դուք, պարեկները», - հակադարձեց Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը:
Իսկ լրագրողների հետ զրույցում Արփինե Սարգսյանը պնդեց՝ հենց պարեկների աշխատանքի շնորհիվ զոհերի թվի նվազում կա: Ըստ Սարգսյանի՝ հազարավոր վթարների համար միայն նախարարությունը չէ պատասխանատու: «Այստեղ անելիք ունենք բոլորս», - ասաց նա:
Օրենսդրական խստացումներ է ծրագրում Ներքին գործերի նախարարությունը, որ կփոխի վարորդների վարքագիծը: Այնինչ ամիսներ առաջ նախընտրական փուլում վարչապետ Փաշինյանը այսպես ասած համաներում խոստացավ վարորդական իրավունքից զրկվածներին: Նրանք արդեն այդ իրավունքը կարող են վերականգնել մեկ տարի անց առանց քննության: Կա՞ վերլուծություն՝ այս վարորդները նոր պատահարների հերոս դարձել են, թե՞ ոչ, Արփինե Սարգսյանն ասաց՝ վերլուծություն չկա:
Միայն այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանի ճանապարհներին վթարների պատճառով 114 հոգի է մահացել, երեք հազարից ավելի է տուժածների թիվը, անցած տարի 283 հոգի է մահացել: Լրահոսում գրեթե ամեն օր ջարդուխուրդ մեքենաներ են, զոհեր, տուժածներ: Միջազգային տարանցիկ ավտոճանապարհներից են խոսում կառավարությունում, իսկ Ուշիի վտանգավոր ոլորաններում դեռ մութ է: