Մատչելիության հղումներ

Դատախազը միջնորդեց Ծառուկյանի կալանքը երկարացնել 3 ամսով, որոշումը կհրապարակվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու հարցով դատական նիստն ավարտվեց։ Որոշումը կհրապարակվի վաղն առավոտյան 10:30:

Դատախազը միջնորդեց կալանքը երկարացնել երեք ամսով։ Նա նշեց, որ դեռ չեն չեզոքացել կալանքի հիմքերը, և այլ խափանման միջոցները չունեն այն պայմանները, որոնք կարող են չեզոքացնել մեղադրյալի հակաիրավական, հակաօրինական վարքագիծը։

Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ հակադարձեց, թե Եվրոպական դատարանն արգելում է շաբլոնային ձևակերպումներից, իսկ դատախազի խոսքն, ըստ նրա, հենց այդպիսին էր։

Գագիկ Ծառուկյանը դատարանում հայտարարեց, որ փաստաբան չէ, լիարժեք իրականությունն է ասելու, իրեն սազական էլ չէ հակառակը։

«Եթե պետք է, հանձնարարություն կա՝ այդ որոշումը կատարել, կատարեք, ես արդար եմ ու հանցանքի, հանցակազմի նշույլ չկա, եթե կա հանցանք, ապա ամենաբարձր պատիժը տվեք։ Մի փաստ չկա, ոչ ես գումար եմ հափշտակել, ողջ գումարը ես եմ ներդրել», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։ Պնդեց՝ իր գումարներն են վերցրել, ոչ թե ինքն է շորթել, ու հետո իր դեմ սուտ ցուցմունք են տվել իրանցիները։

«1988-ից ստեղծել եմ բարի համբավս, ու որ ասում են առաջին միլիոնը, ես անգամ հարյուր հազարը կասեմ, որ հիմնավոր է։ Մի ծրագիր ունեմ, որ անազատության մեջ դրա մասին եմ մտածում՝ Հիսուսի արձանը ավարտին հասցնել։ Ուժեղ եմ, որովհետև արդար եմ, խիղճս հանգիստ է, էդ ընթացքում մի օր էդ փուչիկները պայթելու են, Ծառուկյանին էլ արդարացնելու են», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Ամփոփելով խոսքը՝ նա դիմեց դատախազներին հարցով՝ «դուք արդարության կողմնակիցներն եք, չէ՞», ստացավ դրական պատասխան։

Տուժող կողմի ներկայացուցչի ելույթի ժամանակ մթնոլորտը թեժացավ, երբ Ծառուկյանին ներկայացրեց որպես հանցագործության կազմակերպիչ։ Սա դուր չեկավ Ծառուկյանին, և դատավորը բացատրեց, որ տուժողի ներկայացուցիչն իր կարծիքն էր հայտնում, ինչի իրավունքն ունի։

ԲՀԿ առաջնորդը կալանքի տակ է 4 ամիս։ Խորհրդարանական ընտրություններից հետո կալանավորված մեծահարուստը մեղադրվում է փողերի լվացման, հափշտակության և խարդախությանը օժանդակելու հոդվածներով: Նա մեղքը չի ընդունում, նրա թիմակիցները հայտարարում են քաղաքական հետապնդման մասին։

Ծառուկյանի հետ մեղադրյալի աթոռին է ևս ութ մարդ։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG