Ռուսաստանը սահմանափակել է կանխիկ ռուբլու արտահանումը մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ հորդորելով Ռուսաստանից կանխիկ գումարի արտահանում պլանավորող քաղաքացիներին և տնտեսվարողներին նախապես ծանոթանալ գործող կարգավորումներին ու դրանցով նախատեսված բացառություններին։
Սահմանափակումները վերաբերում են Ռուսաստանի Դաշնությունից Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և
Ղրղզստան, ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան կանխիկ ռուբլու արտահանմանը։
Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց արգելվում է արտահանել 1 միլիոն ռուբլին
գերազանցող կանխիկ գումար, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին արգելվում է կանխիկ ռուբլի արտահանել՝ անկախ գումարի չափից, բացառությամբ սահմանված հատուկ դեպքերի։
Ի դեպ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս տարվա սեպտեմբերի 29-ին էր համապատասխան հրամանագիր ստորագրել՝ խստացնելով կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները։
Ֆիզիկական անձանց համար նախկինում սահմանաչափը կազմում էր 100 հազար դոլարին համարժեք ռուբլի՝ մոտ 8,5 միլիոն: