Ազգային ժողովում շարունակվում են 2027 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները։ Այս պահին պետական-իրավական և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում են պետական իշխանության և դատական մարմինների, պետական վերահսկողության ու կոռուպցիայի կանխարգելման համար նախատեսված բյուջետային հատկացումները։
Քննարկմանը մասնակցում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Բազիկյանը և այլ պաշտոնյաներ։
Քննարկման ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցից հետաքրքրվել է՝ արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ստեղծված «Վարչաբենդ» երաժշտական խմբի համար միջոցներ են ծախսվել վարչապետի աշխատակազմի բյուջեից, և ինչ հոնորարներ են ստացել խմբի անդամները։ Պատգամավորը հարցեր է ուղղել նաև վարչապետի հեծանվային զբոսանքների կազմակերպման ծախսերի վերաբերյալ։ Մակունցը կոնկրետ թվեր չի ներկայացրել՝ պատգամավորին առաջարկելով հարցերն ուղարկել գրավոր։
2027 թվականին կառավարությունը նախատեսում է ծախսել շուրջ 4.1 տրիլիոն դրամ՝ ներկայիս փոխարժեքով 11.12 միլիարդ դոլար։ Նախագծով նախատեսված ծախսերը գերազանցում են եկամուտները շուրջ 1.29 միլիարդ դոլարով։
Ամենամեծ հատկացումները նախատեսված են սոցիալական պաշտպանության ոլորտին՝ շուրջ 3 միլիարդ դոլար։ Պաշտպանության նախարարությանը կհատկացվի շուրջ 620 միլիարդ դրամ, իսկ պետական պարտքի սպասարկմանն ու մարմանը՝ շուրջ 420 միլիարդ դրամ։
Բյուջեի նախագծի քննարկումները հանձնաժողովներում կշարունակվեն ամբողջ շաբաթ, որից հետո պատգամավորները հնարավորություն կունենան գրավոր առաջարկներ ներկայացնել կառավարությանը։