Մատչելիության հղումներ

Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կվերաբերի Սյունիքում «Թրամփի ուղու» (TRIPP) կառուցման հատվածներին։ Այս մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ այդտեղ արտահերթ սահմանազատման հավականությունը մեծ է, որովհետև «TRIPP-ը պետք է արագ արվի»։

«Ես կարծում եմ, որ շատ հավանական է, որ արտահերթ անցկացվեն սահմանազատման աշխատանքներ, որոնք վերաբերելի կլինեն TRIPP-ի ենթակառուցվածքներին, որպեսզի հնարավոր լինի և՛ կազմակերպել, և՛ իրականացնել աշխատանքները», - ասել է փոխվարչապետը, ով նաև ղեկավարում է սահմանազատման հայկական հանձնաժողովը:

Գրիգորյանը նաև հայտնել է, որ կառավարությունը, չսպասելով TRIPP-ի զարգացման ընկերության ձևավորմանը, պատրաստվում է սկսել Սյունիքով անցնող երկաթուղու, ավտոճանապարհի և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքները, որոնք հետագայում կփոխանցվեն ընկերությանը։

Թե կոնկրետ որտեղով կանցնեն այդ ենթակառուցվածքները, դեռ որոշված չէ։

«Հիմա սխեմաներն ենք նայում, օպտիմալ տարբերակը։ Պիտի ամենաօպտիմալ տարբերակը գտնենք, որպեսզի ներդրումն արդյունավետ լինի, ենթակառուցվածքը մրցունակ լինի տարածաշրջանում», - ասել է փոխվարչապետը։

Թեև սահմանազատման աշխատանքները տևական ժամանակ է՝ չեն շարունակվում, Գրիգորյանի խոսքով՝ հաջորդ փուլի վերաբերյալ կողմերը դեռ պայմանավորվածություն չունեն:

«Հաջորդ փուլի աշխատանքների հետ կապված չունենք պայմանավորվածություն, բայց կարծում եմ՝ շուտով կլինի, կքննարկենք», - ասել է փոխվարչապետ:

2024 թվականի գարնանը Տավուշ - Ղազախ հատվածում մոտ 12 կմ սահմանազատելուց հետո Երևանն ու Բաքուն պայմանավորվել են աշխատանքները հյուսիսից հարավ շարունակել: Իսկ ի՞նչն է խոչընդոտում սահմանազատման շարունակությանը մյուս հատվածներում, փոխվարչապետը պնդել է՝ խոչընդոտ չկա, թեև ընդունել է, որ գործընթացը դանդաղել է։

«Դանդաղել է, այո, համաձայն եմ։ Կա կանոնակարգ և իրավական բազա, և աշխատանքն ավելի շատ պետք է լինի տեխնիկական և տոպոգրաֆիկ, քան բարդ իրավական գործընթացներ», - ասել է Մհեր Գրիգորյանը։

Հայաստանն ու Ադրբեջանը մոտ 1000 կմ-անոց ընդհանուր սահման ունեն:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG