Ուկրաինական զինուժը հարվածել է Ռուսաստանի Սամարայի մարզում գտնվող Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանին, հայտնում են ուկրաինական Exilenova+ և Supernova+ տելեգրամյան ալիքները: Astra-ն ևս հաստատել է գործարանում հրդեհի բռնկումը:
Համացանցում հրապարակված լուսանկարներում և տեսանյութերում երևում է, թե ինչպես են գործարանից ծխի մի քանի ամպ բարձրանում։
Նովոկույբիշևսկի բնակիչները, ինչպես նշում է Astra-ն, բողոքել են, որ օդային հարձակման տագնապ չի եղել: Նրանք դժգոհել են, որ Սամարայի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևի ծանուցումը ստացվել է հարձակման սկսվելուց գրեթե երկու ժամ անց։
Ավելի ուշ Ֆեդորիշչևը հաղորդել է, որ որ Ուկրաինան «ռեկորդային թվով դրոններ» է արձակել, հակաօդային պաշտպանության ուժերը և մոբիլ կրակային խմբերը ոչնչացրել են «տասնյակ անօդաչուներ»: Զոհվել է երկու մարդ, ովքեր զբաղված էին հարվածի հետևանքները վերացնելով, կան նաև տուժածներ:
Նովոկույբիշևսկի նավթավերամշակման գործարանը «Ռոսնեֆտ»-ի՝ Սամարայի գործող ընկերությունների խմբի մաս է կազմում: Ընկերության կայքում նշված է, որ այն Վոլգայի շրջանի առաջատար նավթավերամշակման գործարաններից մեկն է:
Գործարանի հզորությունը տարեկան կազմում է մոտ 8,8 միլիոն տոննա նավթ, այն արտադրում է ավելի քան 20-30 տեսակի նավթամթերք, այդ թվում՝ ռեակտիվ վառելիք, որն օգտագործվում է ռազմական նպատակներով։
Ուկրաինան նախկինում մի քանի անգամ հարձակվել է այս գործարանի վրա։ Մասնավորապես, 2026 թվականի ապրիլին, ըստ Astra-ի, երկու առաջնային նավթավերամշակման բլոկների՝ АВТ-11-ի և АВТ-9-ի գործունեությունը դադարեցվել էր։
Մարզային իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել Նովոկույբիշևսկի վրա հարձակման հետևանքները, հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» նախագիծը: