Մատչելիության հղումներ

Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսն է հաջողվել փրկել

Համակարգչի ստեղնաշարին դրված սմարթֆոնի էկրանին երևում են Binance-ի լոգոն և կրիպտոարժույթների պատկերներ
Համակարգչի ստեղնաշարին դրված սմարթֆոնի էկրանին երևում են Binance-ի լոգոն և կրիպտոարժույթների պատկերներ

Աշխարհում կրիպտոարժույթների ամենամեծ բորսա Binance-ը հայտարարել է, որ իր հարթակ չարտոնված ներթափանցում է տեղի ունեցել, ինչն ազդել է մոտ 6 մլրդ դոլարի ակտիվների վրա:

Ընկերությունը սոցցանցում հայտնել է, որ բլոկչեյն ոլորտի իր գործընկերների հետ համատեղ կարողացել է սառեցնել մոտ 3 միլիարդ դոլարը՝ թույլ չտալով, որ դրանք հանվեն համակարգից: Մնացած ակտիվների մասին ընկերությունը ոչինչ չի նշել:

Անվտանգության միջադեպը ընկերությունը կապել է DevOps ինժեներից մեկի նոութբուքի վրա հնարավոր հարձակման հետ։ Ընկերության նախնական հետաքննության համաձայն՝ դա հարձակվողին թույլ է տվել մուտք գործել հարթակ և գումարի դուրսբերման չարտոնված գործարքներ կատարել։

«Մենք դրամապանակների անձնական բանալիների արտահոսքի որևէ ապացույց չենք գտել», - հայտարարել է ընկերությունը և խոստացել է հրապարակել մանրամասն տեխնիկական զեկույց՝ հետաքննությունն ավարտելուց և միջադեպի բոլոր հանգամանքները ստուգելուց հետո։

Կրիպտոարժույթների բորսան խոստացել է, որ բոլոր կորուստները կփոխհատուցի օգտատերերի համար նախատեսված անվտանգ ակտիվների ֆոնդից (SAFU): «Օգտատերերի միջոցներն անվտանգ են», - նշել ընկերությունը:

X-ում Binance-ի գրառման էկրանակադրը
X-ում Binance-ի գրառման էկրանակադրը



Միջադեպի հետևանքները վերացնելուց հետո բորսան նաև մտադիր է հրապարակել պահուստների մասին թարմացված հաշվետվություն:

Որպես նախազգուշական միջոց՝ Binance-ը ժամանակավորապես կասեցրել է միջոցների մուտքագրումն ու ելքագրումը՝ մինչև կավարտվեն անվտանգության ստուգումները: Ընկերությունը նաև ներգրավել է իրավապահ մարմինների ու բլոկչեյն վերլուծաբանների՝ ակտիվները հայտնաբերելու և վերականգնելու համար։

Ընկերությունը հայտարարել է, որ համագործակցում է իրավապահ մարմինների հետ՝ միջադեպին ներգրավված անձանց բացահայտելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար։

Binance-ի դրամապանակների հնարավոր կոտրման մասին լուրից հետո, Bitcoin-ը և մյուս բոլոր կրիպտոարժույթները կտրուկ անկում են գրանցել, և ավելի քան 3 միլիարդ դոլարի ակտիվներ հանվել են հայտնի Binance-ի դրամապանակներից:

TradingView-ի տվյալներով՝ կրիպտո շուկայի ընդհանուր կապիտալիզացիան նվազել է ավելի քան 200 միլիոն դոլարով:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG