Հակակոռուպցիոն դատարանը սկսել է քննել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը:
Նախկին ազդեցիկ պաշտոնյան կալանավորվել էր սեպտեմբերին, ԱԱԾ-ականները Խաչատրյանին ձերբակալեցին տնից՝ պատգարակի վրա:
Խաչատրյանին դատարան են բերում պատգարակով՝ բժիշկների ու ոստիկանների ուղեկցությամբ, նա ամբողջ ընթացքում «ախ» է քաշում ու չի խոսում:
Գագիկ Խաչատրյանին դատում են 2019 թվականից, նա այն ժամանակ իր ոտքով էր գալիս դատարան, հետո սայլակով, վերջերս էլ պատգարակով:
Մինչև 2025 թվականը փորձագետները պնդում էին, որ Խաչատրյանը վիրահատության կարիք ունի, որն անհնար է անել Հայաստանում։ Այս տարի, սակայն, պետության նշանակած նույն մասնագետները հակառակ եզրակացությունն են տվել՝ նշելով, թե վիրահատության կարիք չկա, եթե կա էլ, ապա դա հնարավոր է անել Հայաստանում: Նախկինների ապօրինի կուտակած հարստությունը պետությանը վերադարձնելու խոստում տված վարչապետ Փաշինյանն անձամբ է պնդել, թե Խաչատրյանը «սիմուլյանտ» է, ով փորձում է խուսափել արդարադատությունից:
Ժամանակին «սուպերնախարար» անունը ստացած Խաչատրյանը մեղադրվում է ծանր կոռուպցիոն հանցանքների՝ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, փողերի լվացմանը հանցակցելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման, գումարի հանցավոր ծագումը քողարկելու համար: Խաչատրյանը և նրա ընտանիքի անդամները նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով են անցնում: