Մատչելիության հղումներ

ԱԺ-ում քննարկում են ընտանեկան բռնության դեմ պատիժները խստացնող օրենսդրական նախագիծը

Պատգամավորներ Զարուհի Բաթոյան (ՔՊ), Էդգար Ղազարյան («Ուժեղ Հայաստան»)
Պատգամավորներ Զարուհի Բաթոյան (ՔՊ), Էդգար Ղազարյան («Ուժեղ Հայաստան»)

Ազգային ժողովն այսօր քննարկում է ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարը խստացնող օրենսդրական նախագիծը, որը խորհրդարանի օրակարգ է հասել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի՝ չորս ամիս առաջ սկսած արշավից հետո։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» երեք պատգամավորների հեղինակած նախագիծը ներկայացրեց Զարուհի Բաթոյանը։

Այսօրվա քննարկման ընթացքում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը Բաթոյանից հետաքրքրվեց է՝ ինչո՞ւ այս փոփոխությունները չի նախաձեռնել, երբ դեռ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն էր, և արդյոք ինքն անձամբ բռնության զոհ է, որ ստիպված է եղել նախագիծը ներկայացնել։

«Ենթադրենք՝ բռնության զոհ եմ, ինձ դրա համար ամոթա՞նք պետք է տաք», - հակադարձեց Բաթոյանը՝ շեշտելով, որ իրեն ոչ ոք չի ստիպել նախագիծը բերել խորհրդարան։

Նրա խոսքով՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի մի շարք ծրագրեր մեկնարկել են դեռ 2020 թվականին՝ իր նախարար եղած տարիներին, երբ այս ուղղությամբ քննարկումներ ու վերանայումներ են իրականացվել։

Ավելի ուշ արդեն Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթում Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ բռնության դեմ պայքարը չի կարող սահմանափակվել միայն օրենքներ ընդունելով։

«Եթե չի դատապարտվում քաղաքական գործչի նկատմամբ բռնությունը՝ իր շենքի բակում, երբ բացառապես քաղաքական հայացքների համար դաժան բռնության է ենթարկվում, այդ բռնությունը փոխանցվում է այլ ընտանիքներ։ Չի դատապարտվում բռնությունը հանրային տրանսպորտում, երբ բարձրաստիճան պաշտոնյան զինված թիկնապահի ներկայությամբ փաստացի բռնության է ենթարկում կնոջը՝ անչափահաս երեխայի մոտ։ Բռնությունը դա է», - ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նախագծով խստացնում են ընտանեկան ու կենցաղային բռնության դեմ պայքարի միջոցները, բռնության դեպքերի մասին ոստիկանությանը կարող են հաղորդել ոչ միայն հենց տուժողները, այլև բոլորը, ովքեր տեղյակ են այդ մասին: Բռնարարները ոչ թե կնախազգուշացվեն, այլ նրանց նկատմամբ կանխարգելիչ հաշվառում կիրականացվի, եթե բռնության զոհը որոշի հրաժարվել բողոքից՝ միևնույն է իրավական ընթացքը կանգ չի առնի: Ու գլխավորը՝ ընտանեկան բռնությունը Քրեական օրենսգրքում կամրագրվի որպես առաջին հանցատեսակ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG