Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 27-րդ տարելիցն է

Այսօր լրանում է Հոկտեմբերի 27-ի ոճրագործության 27 տարին։

1999 թվականի այս օրը Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց Ազգային ժողով և սպանեց ութ պետական ու քաղաքական գործչի, այդ թվում՝ վարչապետ Վազգեն Սարգսյանին և խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Եվս ութ մարդ վիրավորվեց։

2003 թվականին դատարանը Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի հինգ անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, ևս մեկին՝ 14 տարվա ազատազրկման։ Դատապարտյալներից մի քանիսը հետագայում տարբեր հանգամանքներում մահացել են։ Մահացել են նաև գործով առանցքային վկաներից ոմանք, մյուսներն էլ Հայաստանում չեն։

Թեև ահաբեկչությունն իրականացրած անձինք դատապարտվել են, զոհերի հարազատները շարունակում են պնդել, որ ոճրագործության հնարավոր պատվիրատուները բացահայտված չեն։

Ի՞նչ է արվել վերջին մեկ տարում

Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ մեկ տասնյակ հարցաքննություն է անցկացվել, ուսումնասիրվել են նաև գաղտնի փաստաթղթեր։ Այս մասին ոճրագործության 27-րդ տարելիցին հայտնել է Գլխավոր դատախազությունը։ Իրավապահները շարունակում են նաև գաղտնի քննչական գործողությունները, սակայն չեն հայտնում՝ արդյոք այս ընթացքում հաջողվել է նոր տեղեկություններ պարզել ահաբեկչության հանգամանքների մասին։

2018-ի իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բացահայտել ահաբեկչության կազմակերպիչներին։ 2019 թվականի դեկտեմբերին՝ սպանված ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանի այրու՝ Անահիտ Բախշյանի դիմումից հետո, գործի նախաքննությունը վերսկսվեց։ 2024 թվականի փետրվարից այն իրականացնում է Քննչական կոմիտեն։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG