Աշխարհի բազմաթիվ երկրների կառավարություններ և ընկերություններ աշխատանքներ են տանում՝ պաշտպանելու իրենց առցանց համակարգերը այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ արհեստական բանականությունը (ԱԲ) ծրագրային լուրջ խոցելիություններ է հայտնաբերել, որոնք կարող են ազդել միլիոնավոր կայքերի վրա։
Այդ խոցելիությունները հայտնաբերվել են PHP ծրագրավորման լեզվում, որով պատրաստված է աշխարհում առկա կայքերի զգալի մասը:
Կիբեռանվտանգությամբ զբաղվող Wiz ընկերությունը գնահատում է, որ այս խոցելիությունների հետևանքով կտուժի համացանցի «մոտ 70%-ը», հայտնում է BBC-ն՝ նշելով, որ չի կարող անկախ կերպով ստուգել այդ թիվը։
Խոցելիությունները կարող են ազդել մոտ 30 միլիոն կայքերի վրա և թույլ տալ հարձակվողներին գողանալ անձնական տվյալներ, BBC-ին ասել են փորձագետները:
Սուրեյի կիբեռանվտանգության կենտրոնի պրոֆեսոր Ալան Վուդվարդն ասել է, որ PHP ծրագրային լեզվում հայտնաբերված խոցելիությունները նշանակում են, որ հարձակվողը կարող է «իր սեփական կոդը մուտքագրել վեբ սերվերի վրա» և «հիմնականում անել այն, ինչ ցանկանում է»։
Եվրոպական մի շարք երկրներ նախազգուշական միջոցառումների շրջանակում անջատել են հանրային որոշ վեբ ծառայություններ, Վիքիպեդիան նույնպես անջատել է իր կայքի որոշ մասեր։
Մի շարք երկրների կառավարություններ, այդ թվում՝ ԱՄՆ-ն խորհուրդ էին տվել անջատել կայքերը, եթե թերությունները հնարավոր չէ անմիջապես շտկել։
Wiz-ը, որն այն ընկերություններից մեկն է, որի հետազոտողները բացահայտել են խոցելիությունները, նշում է, որ դրանք «ամենալուրջ» թերություններն են, որ երբևէ բացահայտվել են արհեստական բանականության միջոցով:
«Ժամանակակից ծրագրային ապահովումն աներևակայելիորեն բարդ է, և որոշ խոցելիություններ կարող են տարիներ շարունակ չհայտնաբերվել,- BBC-ին ասել է UNSW Sydney ընկերության կիբեռանվտանգության հարցերով հետազոտող Սալիլ Կանհերեն,- Հիմքում ընկած սխալները նոր չէին. Փոխվել է դրանք գտնելու մեր կարողությունը»։
Արհեստական բանականությամբ զբաղվող OpenAI ընկերությունը, որի տեխնոլոգիան օգտագործվել է թերությունները գտնելու համար, այն անվանել է «վերջին ժամանակների անվտանգության ամենամասշտաբային խնդիրներից մեկը»։